Հունգարիան նոտա է հղել Ադրբեջանին

Հունգարիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժոլտ Նեմետը երեկ հանդիպել է Բուդապեշտում Ադրբեջանի դեսպան Վիլայաթ Գուլիևին և նրան դիվանագիտական նոտա փոխանցել Ռամիլ Սաֆարովի հարցով։ 

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով հունգարական mno.hu ինտերնետային պարբերականը, Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, մասնավորապես, հայտարարել է, որ ցնցված է, անընդունելի է համարում և դատապարտում Սաֆարովին ներում շնորհելու՝ Ադրբեջանի քայլը, որը «հակասում է միջազգային իրավունքին և խիստ հակադրության մեջ է Ադրբեջանի արդարադատության նախարարության կողմից Հունգարիայի արդարադատության նախարարությանը հղված 2012թ. օգոստոսի 15-ի նամակով ամրագրված խոստման հետ»։

Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը խոստացել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովի նկատմամբ նրա էքստրադիցիայից հետո կոնկրետ պատժաչափ կիրառել կամ պայմանական ազատ արձակել միայն ազատազրկման առնվազն 25 տարին կրելուց հետո։

Պաշտոնական Բուդապեշտը ընդգծել է, որ Բաքվի նման պահվածքը չի համապատասխանում երկու երկրների միջև «վերջերս ի հայտ եկած վստահության մթնոլորտին, որը կարող էր համագործակցության մեկնարկի խոստումնալից պայման լինել»։

Հիշեցնենք, որ 2004թ. ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում ընթացող ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում ընթացող մի դասընթացի ժամանակ հյուրանոցում գիշերը կացնահարել էր նույն դասընթացին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Օգոստոսի 31-ին Սաֆարովին Հունգարիան արտահանձնեց Ադրբեջանին: Բաքու ժամանելուն պես նա ներման արժանացավ երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։

Նույն օրը Հայաստանը հայտարարեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին։