Հանուն և ընդդեմ Ռամիլ Սաֆարովի

Պետք չէր մտածել, թե Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելը ուխադրուժ քայլ էր Հունգարիայի իշխանությունների կողմից, եթե գիտես, որ դա նախ քաղաքական քայլ էր: Պետք չէր այդ քայլում տեսնել եվրոպական պետության նահանջը մարդասիրական արժեքներից, եթե խոսում ես ինչ-որ գաղտնի գործարքից: Պետք չէր կարծել, որ եթե մարդը կացնի 16 հարված է հասցրել իր նման մեկ այլ մարդու, նրա ճակատագիրը կանխորոշված է: Կանխորոշված է, կամ պետք է կանխորոշված լիներ քո պետության ներսում մարդասպանի ճակատագիրը: Բայց նույնիսկ քո երկրի ներսում դու ունես նախապայման մարդասպանին դատելու կամ չդատելու: Այդպես բազում դատավարություններից խուսափել է Գյումրիի քաղաքապետի որդին, որն այսօր ընդամենը հետախուզման մեջ է ինչ-որ կրակոցների համար: Դատավարությունից խուսափել են մարտի 1-ի 10 զոհերի մեղավորները: Որովհետև նրանց ինդուլգենցիան քաղաքական բազարն է: Սպարտակ Ղուկասյանն էլ պատմելու բան կունենա հասարակությանը, մարտի 1-ի մարդասպաններն էլ: Այդպես է նաև Ադրբեջանում: Քանի՞ խոշոր մարդասպաններ են խուսափել պատասխանատվությունից, քանի որ սպանել են «հանուն Ադրբեջանի Հանրապետության»: Եթե արյուն է թափվում, հանունը միշտ մարդասպանի դեմք ունի: Երբ Սերժ Սարգսյանն ասում է, որ «Հայաստանի Հանրապետությունը Հունգարիայի իշխանությունների արածը հանդուրժել չի կարող, հայ ժողովուրդը դա չի ներելու», իր երկրի արդարադատության օրինակով գիտի, որ Հայաստանի Հանրապետությունն այդպիսի բաներ չէ, որ հանդուրժել է, և որ հայ ժողովուրդը չափազանց վերացական հասկացություն է հունգարացի կոնկրետ իշխանավորի այդպիսի կոնկրետ հանցագործությունը ներելու համար: Սերժ Սարգսյանն ասում է, որ «Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի հետ», Հայաստանում բոլորից լավ գիտի, որ քաղաքականությունը բազար է: Ադրբեջանն առաջարկելու բան ունի Հունգարիային՝ կարծեմ երկու-երեք միլիարդ դոլարի հունգարական արժեթղթերի ձեռքբերում: Հենց այդ բազարից է Սերժ Սարգսյանը գլխի ընկել, որ Հայաստանը առաջարկելու բան չունի Հունգարիային:

Հունգարիայի դեսպանատան վրա շպրտած լոլիկներն ընդամենը ծածկում են Հայաստանի բիզնես անզորությունը: Իշխանությունն ուզում է հանգստացնել ժողովրդին լոլիկ նետելու իրավունք տալով, մեր ներողամտության չարաշահումը լոլիկ նետելով է արտահայտվում: «Գորիկ Գուրգենիչն» ի՞նչ պիտի անի՝ պիտի Հունգարիայի արտգործնախարարի կամ արդարադատության նախարարի վրա կոմպրոմա՞տ գտնի: Թե՞ պետք է քիլլեր ուղարկի Բաքու՝ Սաֆարոֆին ոչնչացնելու համար: Պետք չէ այդքան անհետևողական լինել իբր վճռական լինելու մեջ: Դուք նորմալ ասում եք՝ տեղի է ունեցել բազար, այդ բազարի արդյունքում մարդասպանն ազատվել է պատժի հետագա կրումից: Այդ բազարը մի օր ձեզ էլ է պետք գալու: Այդ բազարը ձեզ պետք է եկել հատկապես իշխանությունը պահպանելու համար: Ինչո՞ւ պետք է միմյանց հետ խոսեն քաղաքական բազարն ու եվրոպական արժեքները: Հրայր Թովմասյանը, որը Հունգարիայի արդարադատության նախարարին հրաժարականի կոչ է անում, ի՞նչ ունի առաջարկելու հունգարացիներին գործող նախարարի փոխարեն: Ես հասկանում եմ՝ ժողովուրդը պետք է տեսնի, որ մեր իշխանությունն ինչ-որ միջոցներ է ձեռք առնում: Բայց դրանք տուն-տունիկի ոճով են: Ի՞նչ պիտի աներ Հունգարիան, որ չի արել: Ձեզ տեղյակ են պահել, որ Սաֆարովին պատրաստվում են հանձնել Հունգարիային: Չեք արձագանքել, որովհետև գիտեք, որ բազարի արդյունքում է դա եղել: Փոխարենը դուք պատրաստ էիք Անվտանգության խորհրդի նիստին և լոլիկներին: Նորմալ է: Բայց Ռամիլ Սաֆարովն էլ ադրբեջանական լոլիկ է՝ նետված մեր ուղղությամբ: Որովհետև ոչինչ փոխել չեք կարող՝ ո՛չ դուք, ո՛չ Ադրբեջանը: Նրանք ստացան իրենց հերոսին, մենք տեսանք մեր իշխանությունների անպետքությունը: Ընդամենը սա, ուրիշ ոչինչ:

Մհեր Արշակյան

Մեկնաբանել