«Անուշ» օպերան 100 տարեկան է

Վաղը լրանում է «Անուշ» օպերայի 100-ամյակը: Այս առթիվ շաբաթ օրը Գյումրու Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել Տիգրանյանի «Անուշ» օպերայի պրեմիերան, հաղորդում են մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:

Նախագծի հեղինակը և գեղարվեստական ղեկավարը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ  Կիրակոսյանն էր, ռեժիսորը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, գլխավոր դիրիժորը՝ Երվանդ Վարոսյանը: Գլխավոր դերերգերը կատարել են Արևիկ Գրիգորյանը,  Կարապետ Մանուկյանը, Միհրան Գասպարյանը և Նազան Ղազարյանը:

1912թ. օգոստոսի 4-ին Ալեքսանդրապոլի քաղաքային ժողովրդական տանն առաջին անգամ բեմադրվել է Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի գրական հենքի վրա ստեղծված համանուն օպերան, որի կոմպոզիտորն էր քաղաքում հայտնի երաժիշտ Արմեն Տիգրանյանը: «Պետք է գրել օպերա, այդ միտքն է ծնունդ առել  ուղեղումս, դա կարևոր է, այդ էի որոնում: Պետք է  ամբողջովին նվիրվել արվեստին… Ինձ համար մի բան պարզ է, որ հայկական օպերան չպետք է կրկնի եվրոպականը, պետք է լինի ինքնատիպ, ազգային, ժողովրդին հասկանալի ու սիրվի նրա կողմից»,- «Անուշ» օպերայի ստեղծման մասին գրել է Տիգրանյանը:

Համաժողովրդական տոնի վերածված օպերայի պրեմիերան խորհրդային տարիներին փոխակերպվել և հարմարեցվել է մեծ բեմին, հաջողությամբ բեմադրվել Երևանում, Մոսկվայում, հետագայում նաև Ֆրանսիայում, ԱՄՆ-ում: Այսօր էլ «Անուշ»-ն իր գեղարվեստական բարձր արժանիքների շնորհիվ հայ ազգային օպերային արվեստի անփոխարինելի բաղկացուցիչն է: