Սիրիական ճգնաժամի կարգավորումը գրեթե անիրագործելի է․ ՄԱԿ-ի բանագնաց

Սիրիական ճգնաժամի կարգավորումը «գրեթե անիրագործելի» առաքելություն է, ասել է ՄԱԿ-ի՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով նոր հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին BBC-ին տված հարցազրույցում։

Քոֆի Անանի իրավահաջորդը խոստովանել է, որ իրեն վախեցնում է իր վրա դրված պատասխանատվության բեռը։

Բրահիմիի խոսքով՝ միջազգային հանրությունը քիչ ջանքեր է գործադրում Սիրիայում զոհվող մարդկանց փրկելու համար, հաղորդում է BBC-ն։

Շաբաթ Բրահիմին հայտարարել էր, որ ռազմական միջամտությունը Սիրիայի գործերին կնշանակի դիվանագիտական ջանքերի ձախողում։

«Ինձ համար այդպիսի տարբերակ գոյություն չունի և անկեղծ ասած՝ չի էլ ունենա ո՛չ վաղը, ո՛չ վաղը չէ մյուս օրը»,- ասել էր 78-ամյա ալժիրցի դիվանագետը արաբական «Ալ Արաբիյա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Սիրիայի կառավարությանն է «պատկանում երկրում քաղաքական գործընթացի նախաձեռնման հիմնական դերը», նշել էր Բրահիմին։

Նա հասկացրել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձևերի անհրաժեշտություն ներկայում չի տեսնում։ Բրահիմիի խոսքով՝ «այժմ կարևորը արյունահեղության դադարեցումն է, և Սիրիայի կառավարության (որը բոլորից լավ է գիտակցում ստեղծված իրադրությունն ու սեփական ժողովրդի տառապանքները) վրա տվյալ դեպքում մեծ պատասխանատվություն է դրված»։

Լախդար Բրահիմին պաշտոնապես ստանձնել է իր պաշտոնը շաբաթ այն բանից հետո, երբ ուրբաթ լրացավ ՄԱԿ-ի՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով նախորդ հատուկ բանագնաց Քոֆի Անանի լիազորությունների ժամկետը։

Հիշեցնենք, որ սիրիական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։