Ամերիկյան բիզնեսը Հունաստանը դուրս է բերել եվրոգոտուց

Ամերիկյան ընկերությունները նախապատրաստվում են եվրոգոտուց Հունաստանի դուրս գալուն, գրում է The New York Times-ը։ Bank of America-ն մտադիր է իր հաճախորդներին հավելյալ իրացվելիություն տրամադրել, եթե Աթենքը լքի միասնական արժութային գոտին։ Ford-ում համակարգչային ծրագիր են մշակել, որը թույլ կտա կորպորացիայի արտադրանքի գները անմիջապես վերահաշվարկել հունական դրահմայով։ JP Morgan-ը ամերիկյան իր հաճախորդների համար նոր հաշվեհամարներ է բացել, որոնք օգտագործվելու են այն դեպքում, եթե Հունաստանը վերադառնա դրահմայի կամ էլ ազգային նոր արժույթ ներդնի, գրում է The New York Times-ը։

Ըստ պարբերականի՝ ամերիկյան ընկերությունները փորձում են ապահովագրել իրենց խուճապի ալիքից, որը կտապալի շուկաները եվրոգոտին Հունաստանի լքելուց հետո։ Այսպես. PriceWaterhouseCoopers-ում հավատացած են, որ եվրոգոտուց դուրս գալու մասին կհայտարարվի ուրբաթ երեկոյան, երբ շուկաներն արդեն փակ կլինեն։ Այնուհետև Հունաստանում բանկային արձակուրդներն կհայտարարվեն։

Հատկանշական է, որ Harris խորհրդատվական ընկերության հետ համատեղ բրիտանական The Financial Times-ի անցկացրած հարցումը վկայում է, որ գերմանացիների միայն մեկ քառորդն է կարծում, որ Հունաստանը կարող է մնալ եվրոգոտում կամ էլ Եվրամիության երկրներից աջակցություն ստանալ։ Իտալացիների 77%-ը և իսպանացիների 57%-ը հավատացած է, որ Հունաստանը կվերադարձնի պարտքերը։ Ֆրանսիացիների ու գերմանացիների 26%-ը հակառակ կարծիքի է։ Համաձայն հարցման, ֆրանսիացիների 32%-ը կարծում է, որ Հունաստանը պետք է լքի եվրոգոտին. համամիտ է գերմանացիների 54%-ը։ Այդուհանդերձ, թե՛ գերմանացիները, թե՛ ֆրանսիացիները, իսպանացիներն ու իտալացիները վստահ են, որ իրենց երկրների առաջնորդները կարող են հարթել խնդիրները, որոնց այսօր առերեսվել է Եվրոպան։

Նշենք, որ եվրոպացի առաջնորդները սեպտեմբերին պետք է որոշեն, տրամադրե՞լ արդյոք պաշտոնական Աթենքին ծախսերի կրճատման ու բարեփոխումների ծրագրերի իրագործման երկամյա տարկետում։

Մեկնաբանել