Ռուսաստանում Հայաստանի դեսպանն արդարացրել է Մոսկվայի լռությունը

Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը հանդիպում է ունեցել Մոսկվայում աշխատող լրագրողների հետ և պարզաբանել դեսպանատան դիրքորոշումն ու գործողությունները՝ Ռամիլ Սաֆարովի արտահանձման շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հաղորդում է Regnum-ը:

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք չի ուշանում պաշտոնական Մոսկվայի արձագանքը՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ Հունգարիայի և Ադրբեջանի խայտառակ գործարքին, Եսայանը պատասխանել է. «Հարկավոր է հաշվի առնել, որ իրադարձությունները ծավալվել են հանգստյան օրերին, երբ Մոսկվայում նշվում է Քաղաքի տոնը, ինչպես նաև՝ 1812թ. Հայրենական պատերազմում հաղթանակի տոնակատարությունը: Կարծում եմ՝ լռությունը դեռ միայն դրանով է պայմանավորված: Սակայն երկուշաբթի ես հանդիպում եմ ունենալու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում և ենթադրում եմ՝ պատասխան կստանանք»,- ասել է դեսպանը:

Եսայանի խոսքով՝ գործողությունների ծրագիր է մշակվել, որի համաձայն՝ Ռուսաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններին և պաշտոնատար անձանց մանրամասն ծանուցվելու է կատարվածի մասին ու համապատասխան արձագանք է պահանջվելու:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարի 19-ին կացնահարել էր Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին նա արտահանձնվել է Ադրբեջանին և ներման արժանացել այդ երկրի նախագահի կողմից: Նույն օրը Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Նշենք, որ մինչ Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պարտականությունների ստանձնումը Օլեգ Եսայանը զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնը:

Մեկնաբանել