Կոլումբիայի համալսարանի հայ ուսանողները նամակ են հղել Բան Կի Մունին

ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի հայ ուսանողները նամակով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին` պահանջելով դատապարտել Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և ներում շնորհելու` Հունգարիայի ու Ադրբեջանի քայլերը:

Նամակում մասնավորապես ասված է. «Մենք` Կոլումբիայի համալսարանի հայ հասարակությունը, Ձեզ ենք դիմում` խնդրելով արձագանքել վերջերս տեղի ունեցած ահավոր իրադարձություններին` ադրբեջանցի հայասպանին Ադրբեջան տեղափոխելուն և այնտեղ նրան ազատ արձակելուն:

Նմանատիպ ակնհայտ արհամարհանքը հայերի նկատմամբ ապշեցնող է, և Իլհամ Ալիևի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը և նրան մեծարելը` որպես ազգային հերոսի, խթանում է հետագա հայատյաց, ռասիստական քաղաքականությունը և, դժբախտաբար, խորացնում երկու երկրների միջև անջրպետը: Դա հստակ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանում հայասպանությունը դե ֆակտո հանցանք չէ, և դա խոչընդոտում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:

Մենք զարմացած ենք Հունգարիայի անսպասելի որոշումից` քաջալերել Ալիևի վարչակազմի քաղաքականությունը և Սաֆարովին հանձնել Ադրբեջանին:

Մենք պնդում ենք, որպեսզի Ձերդ գերազանցությունը հրատապ քայլեր ձեռնարկի և դատապարտի Հունգարիայի և Ադրբեջանի արարքները:  

Այս իրադարձությունը անպատասխան թողնելը կարող է ճակատագրական լինել հայերի համար ամբողջ աշխարհում և կարող է խախտվել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հռչակագրով սահմանված ապրելու իրավունքը»: