Երևանում մեկնարկել է բանկերի վերահսկողության տարածաշրջանային սեմինար

ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրների կենտրոնական բանկերի վերահսկողության ոլորտի ավելի քան 30 մասնագետներ Երևանում հինգ օր շարունակ քննարկելու են վերահսկողության և ռիսկերի գնահատման հարցեր:

Այսօր Երևանում մեկնարկեց Հայաստանի ԿԲ-ի և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի «Ռիսկերի վրա հիմնված վերահսկողություն և ռիսկերի գնահատում» թեմայով համատեղ սեմինարը։ Սեմինարի բացումից հետո Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը լրագրողներին ասաց, որ քննարկվելու են հիմնականում ֆինանսական կառույցների գործառնական ռիսկերի կառավարման, և ոչ թե մակրոմակարդակի հարցեր։ ԴՊՀ մասնագետներն անդրադառնալու են, մասնավորապես, գլոբալ ֆինանսական ճգնաժամին և վերջինիս դասերին։ Քննարկումներում ներառվելու են ռիսկերի վրա հիմնված վերահսկողության, ինչպես նաև՝ վարկային, գործառնական, համախառն ռիսկերին առնչվող խնդիրներ։

ՍիվիլՆեթի հարցին, թե սեմինարի ընթացքում քննարկվելո՞ւ է արդյոք «իրանյան հարցը» (հիշեցնենք՝ օգոստոսի 21-ին Reuters գործակալությունը տեղեկատվություն էր տարածել, թե միջազգային պատժամիջոցներով սեղմված Իրանը ձգտում է ընդլայնել բանկային գործունեությունը Հայաստանում), Աբրահամյանը նշեց, որ նման հարց օրակարգում ընդգրկված չէ։ Նա չբացառեց սակայն, որ մասնակիցների կողմից կարող են բարձրացվել մասնավոր դեպքերին առնչվող որոշ հարցեր, որոնց շուրջ և կարող է քննարկում ծավալվել։

Մեկնաբանել