Ճապոնիան պատրաստ է ամբողջությամբ հրաժարվել ատոմակայաններից

Ճապոնիայի էներգետիկ նոր ռազմավարությունը նախատեսելու է լիակատար հրաժարում ատոմակայաններից․ այսպիսի որոշում են կայացրել նախարարների խորհրդի՝ նախօրեին վարչապետի գրասենյակում անցկացված խորհրդակցության մասնակիցները, հաղորդում է ճապոնական NHK հեռուստաալիքը։

«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո Ճապոնիայի կառավարությունը որոշեց վերանայել երկրում էներգետիկայի զարգացման նախկին ծրագրերը։ Մասնագետներին ու հասարակայնությանը առաջարկվեց երեք տարբերակ՝ մինչև 2030թ․ երկրի էներգետիկայում ատոմակայանների մասնաբաժնի նվազեցում մինչև զրոյի, մինչև 15%-ի և պահպանում՝ 20-25%-ի մակարդակում։ Պետական պաշտոնյաների, քաղաքական գործիչների ու բնակչության մասնակցությամբ կազմակերպվեցին լսումներ, որոնցում քննարկվեց ատոմակայանների ճակատագիրը երկրում։ Դրանց ամփոփիչ քվեարկությունների արդյունքներն էլ հենց հաշվի է առել կառավարությունը էներգետիկ նոր ռազմավարության սահմանման ժամանակ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ կարևոր նախարարները, որոնք պատասխանատու են ատոմային էներգետիկայի համար, հակված են նրան, որ ժամանակի ընթացքում երկիրը կարողանա ամբողջությամբ հրաժարվել ատոմակայաններից, քանի որ ատոմային էներգետիկայից լիովին հրաժարվելուն կողմ է քվեարկել լսումներին մասնակցած մարդկանց մոտ 70%-ը։ Ներկայում Ճապոնիայի կառավարությունը ատոմակայաններից հրաժարում նախատեսող ռազմավարության ընդունման վերաբերյալ համաձայնեցումների եզրափակիչ փուլում է։ Կսահմանվի ատոմակայանների շահագործման ժամկետ՝ 40 տարուց ոչ ավելի և նոր ատոմակայանների կառուցման արգելք։

Այդուհանդերձ, այս ծրագիրը ունի ոչ քիչ հակառակորդներ, որոնք կարծում են, որ այն կփակի երիտասարդ մասնագետների ճանապարհը ոլորտ և կհանգեցնի ազգային ատոմային ինդուստրիայի հետամնացությանը։

Համաձայն «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից առաջ առկա նախագծի՝ ատոմային ոլորտը պետք է մինչև 2030թ․ ապահովեր Ճապոնիայի էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչև 50%-ը։ Նախքան վթարը նրա մասնաբաժինը մոտ 30% էր։

Անցյալ տարվա մարտին ուժեղ երկրաշարժի և դրա հետևանքով առաջացած ցունամիի պատճառով շարքից դուրս եկավ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի հովացման համակարգը։ Վթարը դարձավ խոշորագույնը Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո վերջին 25 տարիներին։ Տեղի ունեցան ճառագայթման արտահոսքեր մթնոլորտ և ջրային միջավայր։ Ատոմակայանից 20 կմ շառավղով գոտուց տարհանվեց 140 հազ․ մարդ։ Նրաց մեծ մասը շարունակում է ապրել ժամանակավոր կացարաններում։ Մի շարք շրջաններ վարակման բարձր մակարդակի պատճառով, ինչպես ակնկալվում է, կճանաչվեն բնակության համար ոչ պիտանի։ Վթարի լիակատար լիկվիդացումը, այդ թվում՝ ռեակտորների դեմոնտաժը կպահանջի մոտ 40 տարի։