Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյակին նվիրված ցուցահանդես

Վաղը «Աբրահամյան» արվեստի կենտրոնում կկայանա  Մեսրոպ Մաշտոցին նվիրված ցուցահանդեսի բացումը: «Մաշտոց 1650» խորագիրը կրող միջոցառումը հավաքական նախագիծ է, որին մասնակցում են ժամանակակից գեղանկարիչ Աշոտ Ավագյանը, երգահան, երաժիշտ Վահան Արծրունին և լուսանկարիչ, օպերատոր Հակոբ Հովհաննիսյանը: Արվեստագետներն այսօր լրագրողներին պատմեցին, որ ներկայացնելու են «Մաշտոցը և նրա աշակերտները» գեղանկարչական շարքը,  «Մաշտոց, սրբազան մարգարիտներ» շարականների ընտրանին ու լուսանկարչական տեսաֆիլմ:

«Այս տարի Մաշտոցի հոբելյանն է, և չնայած, որ պետական հանձնաժողով էր ստեղծվել, ոչինչ դեռևս չի կազմակերպվել: Մենք որոշեցինք ինքնուրույն որևէ բան անել»,-ասաց Աշոտ Ավագյանը: Նա պատմեց նաև իր գեղանկարչական շարքի ստեղծման պատմությունը: Այն էսքիզների ամբողջացրած շարք է, որն ստեղծվել է Արթուր Մեսչյանի խնդրանքով Մատենադարանի նոր մասնաշենքում տեղադրվելիք որմնանկարի համար:

Վահան Արծրունին համարում է, որ Մաշտոցի մշակութային ժառանգությունը քչերին է ծանոթ: «Բնականաբար, բոլորը գիտեն, որ նա ստեղծել է հայ գրերը, սակայն չգիտեն, որ նա նաև առաջին շարականների հեղինակն է, որոնք մեր պատարագի հիմքն են հանդիսացել»,-ասուլիսին ասաց երաժիշտը:  Մաշտոցի շարականները կհնչեն սոպրանո Հասմիկ Բաղդասարյանի կատարմամբ: