«Արմավիա»-ն ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները Սիրիա

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա»-ն ժամանակավորապես դադարեցրել է Երևան-Հալեպ-Երևան չվերթների իրականացումը։ Ինչպես ՍիվիլՆեթին տեղեկացրեց «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան, այս որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայի ազատ բանակի սպառնալիքներն առ այն, որ նրանք կոչնչացնեն Հալեպի և Դամասկոսի օդային տարածքներում հայտնված բոլոր օդանավերը:

Ավետիսովայի խոսքով՝ չվերթները դադարեցվել են ուղևորների անվտանգության նկատառումներից ելնելով։

Նշենք, որ «Արմավիա»-ն Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ թռիչքներ է իրականացնում շաբաթական մեկ անգամ: Այս տարվա օգոստոսին սակայն ավիաընկերությունը չվերթների թիվն ավելացրել էր ևս մեկով` հնարավորություն տալով սիրիահայերին տեղափոխվել Հայաստան:

«Սիրիական ավիաուղիներ»-ից «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել են, որ իրենք, ըստ ամենայնի, չեն դադարեցնի թռիչքները, իսկ ավելի ստույգ պարզ կդառնա վաղը` իրեն հերթական թռիչքի օրը: