Հունգարիան հնարավոր է՝ չստանա Ադրբեջանից ու Թուրքիայից խոստացված վարկը. Արտակ Բեգլարյան

Քաղաքագետ Արտակ Բեգլարյանը, Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսում, անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներման դեպքին, նշել է, որ և՛ միջազգային հանրության, և՛ հայության ուշադրությունն ու դժգոհությունը առաջին հերթին պետք է սևեռվեն ոչ թե Հունգարիայի, այլ կատարվածի հիմնական մեղավոր ու պատասխանատու Ադրբեջանի վրա:

«Ցավոք, արձագանքներից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հունգարիան մեղքի իր բաժնով հանդերձ դառնում է քավության նոխազ, իսկ ադրբեջանական իշխանությունները կրկին խուսափում են համապատասխան ու համարժեք դատապարտումից և պատժից»,- ասել է բանախոսը:

Խոսելով Հունգարիայի կառավարության քայլի պատճառների մասին՝ Արտակ Բեգլարյանը նշել է, որ վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը բավական բացասական համբավ ունի Արևմուտքում, քանի որ երբեմն-երբեմն Եվրամիությանը մեղադրում է գաղութարարության մեջ և ավտորիտար քաղաքականության որոշ միտումներ է ցուցաբերում: Ֆինանսական լուրջ խնդիրներ ունենալով՝ Հունգարիան երկար ժամանակ է բանակցում է ԵՄ-ի հետ ֆինանսական աջակցություն ստանալու համար, որի դիմաց ԵՄ-ն պահանջում է ընդունել որոշ բարեփոխումներ բարձրացնելու համար Հունգարիայի քաղաքական կայունությունն ու կանխատեսելիությունը:

«Դժվարությունների հանդիպելով ԵՄ-ի հետ բանակցություններում՝ Օրբանի կառավարությունը գտավ շատ հեշտ միջոց վարկային գումարներ ընդգրկելու համար, այն է՝ Սաֆարովին անաղմուկ կերպով հանձնեց Ադրբեջանին: Այստեղ պետք է ուշադիր լինել, որ Բաքուն ոչ թե 3 մլրդ եվրո է տվել Սաֆարովի ազատության համար, այլ այդքան եվրոյի վարկ տրամադրելու խոստում է տվել, ինչը նշանակում է, որ այդ գումարը տոկոսով ու վերադարձնելու հստակ պարտավորությամբ է տալու: Թե չէ Ադրբեջանը ոչ այդքան հարուստ է, ոչ էլ, առավել ևս, ոչ մի քաղաքացու և նույնիսկ հայասպան «հերոսի» ազատությունը չի կարող այդքան թանկ լինել ադրբեջանական իշխանությունների համար: Վառ ապացույցը Ադրբեջանում պարբերաբար կատարվող մարդու իրավունքների խախտումների աղաղակող ու զանգվածային դեպքերն են: Ավելին՝ ես չեմ զարմանա, որ Հունգարիան այդպես էլ չստանա խոստացված վարկը Ադրբեջանից ու Թուրքիայից»,- նշել է քաղաքագետը: