Սեպտեմբերի 5-ին ԱԺ արտահերթ նստաշրջան՝ Սաֆարովի արտահանձման հարցով

Սեպտեմբերի 5-ին` ժամը 12:00-ին, ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի: Այսպիսի որոշում է ընդունվել այսօր՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են ԱԺ փոխնախագահները, ԱԺ խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ղեկավարները, հաղորդում են ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել է 2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ Գուրգեն Մարգարյանին կացնահարած և Հունգարիայի քաղաքային դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու և Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելու հետ կապված իրավիճակը և ՀՀ ԱԺ-ի կողմից կատարվելիք համապատասխան քայլերը:

Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը, ի թիվս այլ քայլերի, նպատակահարմար է գտել համապատասխան օրակարգով ԱԺ արտահերթ նստաշրջանի հրավիրումը: ԱԺ նախագահի խոսքով` Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունների այս քայլերը հակասում են միջազգային կոնվենցիաներին, պայմանավորված են նեղ շահերով և էական հարված են հասցնում տարածաշրջանում խաղաղության, փոխվստահության հաստատման ջանքերին, բանակցային գործընթացին: Հովիկ Աբրահամյանը նպատակահարմար է գտել Ազգային Ժողովի կողմից դատապարտող հայտարարություն ընդունելը և այն միջազգային կազմակերպություններին, խորհրդարանական վեհաժողովներին, տարբեր երկրների խորհրդարաններին ուղարկելը:

Խորհրդակցության մասնակիցներն իրենց դատապարտող դիրքորոշումներն են ներկայացրել՝ մասնավորապես նշելով, որ հարցի առնչությամբ հարկ է դրսևորել միասնական և հետևողական մոտեցում: Որոշվել է խմբակցությունների ներկայացուցուցիչներից ստեղծել աշխատանքային խումբ` ԱԺ հայտարարության նախագիծ կազմելու համար:

Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Մեկնաբանել