Հունգարիայի կառավարությունը հերքել է Ադրբեջանի հետ տնտեսական գործարքի մեջ մտնելու մեղադրանքները

Հունգարիայի կառավարությունը հերքել է տեղեկությունները, թե Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու համար Բաքվի և Բուդապեշտի միջև տնտեսական համագործակցության համաձայնություն է կայացվել, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:

Հունգարական M1 հեռուստաընկերության եթերում երկրի վարչապետի մամուլի քարտուղար Պիտեր Սիյարտոն հայտարարել է, որ այդ գործընթացն իրականացվել է միջազգային օրենսդրության համապատասխան:

«Փոխանցումը, որի պատճառով Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, քանի որ իր քաղաքացի Գուրգեն Մարգարյանը գազանաբար սպանվել էր ադրբեջանցու կողմից, իրականացվել է թափանցիկ` համաձայն Ստրասբուրգի կոնվենցիայի»,- ասել է վարչապետի մամուլի քարտուղարը:

Անդրադառնալով որոշ լրատվամիջոցների պնդումներին, թե ադրբեջանական կողմը Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու համար մի քանի միլիարդ դոլարի ներդրումներ է խոստացել, նա դա «վառ երևակայություն է» որակել:

Նա հայտարարել է, թե ներդրումների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Մեկնաբանել