Սաֆարովը 1915-ի արտացոլանքն է. Ռիչարդ Կիրակոսյան

Սաֆարովի արտահանձնումը ցույց տվեց, որ Հայաստանը ռազմավարական պլանավորման խնդիր ունի: Արտգործնախարարի և նախագահի արձագանքը տեղին էին, սակայն Հյաաստանի ԱԳՆ-ն պետք է պատրաստ լիներ սրան, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Կանխագուշակելով միջազգային հանրության հետագա քայլերը՝ քաղաքագետը երկու հնարավոր զարգացում է առանձնացրել. Ադրբեջանին կարող են հեռացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից կամ զենքի էմբարգո կիրառել նրա դեմ: Ինչ վերաբերում է այս իրավիճակում Թուրքիայի դերին, քաղաքագետի խոսքով՝ հերթական անգամ այս ամենն արտացոլեց այդ երկրի թուլությունը. «Սա ցույց է տալիս այն, որ տվյալ դեպքում Ադրբեջանն ինքն է կառավարում Թուրքիայի միջազգային քաղաքականությունը, քանի որ այս քայլն ակնհայտորեն Թուրքիայի կողմից մտածված չէր: Սա վնասում է Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններին»:

Կիրակոսյանը հավելել է, որ Սաֆարովը իր ողջ կյանքում պետք է ապրի՝ իմանալով, որ ինքը մարդասպան է, իսկ միջազգային հանրությունը պետք է պատժի Ադրբեջանին, քանի որ այդ երկիրը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև բոլորի համար: «Սաֆարովը 1915-ի արտացոլանքն է: Սա ինչ-որ տեղ կարելի է որակել որպես ցեղասպանության շարունակություն»,- ընգդծել է բանախոսը:

Մեկնաբանել