Սաֆարովի ներման լուրը մտահոգել է Եվրամիությանը

Եվրամիությանը սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու մասին լուրերը: Պաշտոնական Բրյուսելը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել՝ հետագա լարվածությունից խուսափելու համար։ Այս մասին այսօր Բրյուսելում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոչիյանչիչը, հաղորդում է «Ազատություն»  ռադիոկայանը։ 

«Մենք ուշադրությամբ հետևում ենք այս իրադրությանը և շփումների մեջ ենք համապատասխան կողմերի հետ՝ առավել շատ տեղեկատվություն ստանալու համար»,- հայտարարել է Եվրամիության պաշտոնյան՝ հավելելով. «Մենք հատկապես մտահոգված է այն հնարավոր ազդեցությամբ, որ կարող է ունենալ այս զարգացումը տարածաշրջանի վրա, այդ իսկ պատճառով կոչ ենք անում Ադրբեջանին ու Հայաստանին զսպվածություն ցուցաբերել տեղում և հրապարակային հայտարարություններում՝ խուսափելու համար այս իրավիճակի սրացումից»։

Բրյուսելում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը ճշգրտող հարց է տվել, թե արդյոք Եվրամիությունը Հայաստանից ու Ադրբեջանից բացի շփումների մեջ է նաև Հունգարիայի իշխանությունների հետ, և եթե այո, ապա ինչ ուղերձ է փոխանցում պաշտոնական Բրյուսելը պաշտոնական Բուդապեշտին, ինչին Եվրամիության արտգործնախարարի խոսնակը պատասխանել է. «Այո, մենք այս պահին կապի մեջ ենք նաև Հունգարիայի իշխանությունների հետ՝ տեղեկատվության փոխանակման համար, սակայն չի բացառվում, որ այդ հարցը քննարկվի նաև Եվրամիության անդամ երկրների մակարդակով, Եվրամիության դեսպանների՝ վաղը Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ»։