Խորհրդային իներցիան ընդդեմ Արցախի

Քաղաքացիական ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր ստատուսում նկատել էր, որ 90-ականների սկզբին հայությունն ավելի ակտիվ էր Արցախում տարբեր նախաձեռնությունների համար. բազմաթիվ հայորդիներ էին գալիս Արցախ դասավանդելու, վարժարաններ ու երգչախմբեր ստեղծելու: Պատերազմի ժամանակ մեր հայրենիքի այս հատվածը ոչ միայն պաշտպանելու, նրա համար զոհվելու էին գալիս, այլև ապրելու, ստեղծելու և ստեղծագործելու:

Պատերազմից հետո էլ հայությունը հսկայական ներդրումներ է արել Արցախում, վերականգնել ենթակառուցվածքներ, թեթևացրել սոցիալական բեռը: Սակայն 90-ականներին Ապրեսի նկատած ակտիվությունն այլևս չկա, հայորդիներն իրենց խանդավառությունն ու ծրագրերն քիչ են կապում Արցախի հետ, իսկ եթե կապում են, որպես կանոն ձախողում են իրենց ձեռնարկների մեջ` հանդիպելով անիմաստ արգելքների և թշնամանքի:

Սեպտեմբերի 2-ին լրացավ Արցախի Հանրապետության ստեղծման 21-ամյակը: Արցախի անկախությունը միջանկյալ փուլ պետք է լիներ վերամիավորման, մեկ հայկական պետության ստեղծման համար: Սակայն արի ու տես, որ այս և՛ անկախ, և՛ Հայաստանի մաս կարգավիճակը Արցախի ղեկավարության մոտ էականորեն բարձրացրել է գավառամտության մակարդակը և դարձել պատասխանատվությունից խուսափելու միջոց:

Անհանդուրժողականությունը արցախյան իշխանության հիմնական գիծն է: Արցախ տեղափոխված յուրաքանչյուր ոք պոտենցիալ լրտես է ու համակարգի թշնամի, այլապես որակյալ կրթությամբ բարեկեցիկ կյանքով ապրող անձը ինչպես կարելի է թողնել ամեն ինչ ու գալ Արցախ բնակվելու: Արցախ միայն պետք է գան խոստացված օգնության հետևից կամ էլ առնվազն պետք է լրտես լինեն: Այս հիվանդագին պատկերացումներն արմատավորված են ԼՂՀ պետական շատ կառույցներում, ներառյալ ազգային անվտանգության համար պատասխանատուների մոտ: 

Ինչո՞ւ ենք հասել այս մակարդակին: Որտեղի՞ց այսքան ատելություն հայության նկատմամբ: Իմ աչքի առջև բազմաթիվ երիտասարդներ ՀՀ-ից և Սփյուռքից Արցախում փորձել են հաստատվել, տարբեր գործեր են նախաձեռնել, որոնք շատ կարճ ժամանակում կացնահարվել են Արցախի իշխանությունների կողմից:

Այս վիճակի մի քանի բացատրություններից մեկն էլ իներցիան է: Խորհրդային տարիներին Հայաստանից Արցախ եկած յուրաքանչյուր ոք հսկողության տակ էր և վտանգ էր ներկայացնում: Իմ տարեց նախկին գործընկերներից մեկը խորհուրդ էր տալիս չոգևորել երիտասարդներին, քանզի «65 թվին էլ էին Հայաստանից եկել, այստեղի երիտասարդներին ոգևորել, հետո ԿԳԲ-ն «մերոնց» բռնել էր, իսկ Հայաստանից եկածները գնացել էին «իրենց» երկիր»: Փաստորեն այս մարդու, համալսարանի դասախոսի, մտավորականի մոտ իշխանության մասին պատկերացումները փոփոխություն չէին կրել, խորհրդային ԿԳԲ-ն և Ադրբեջանի համաձայնությամբ նշանակվող իշխանություններն ամբողջովին նույնական էին անկախ Արցախի իշխանությունների հետ:

Իսկ իշխանություններին նման վիճակը միանգամայն ձեռնտու է. չէ՞ որ նման վախերն են թույլ տալիս սեփականաշնորհել տոները, օտարել ժողովրդին, չեզոքացնել «Լոնդոնի և Տոկիոյի լրտեսներին»` հանուն ազգային հարստությունը մի քանու հոգու մեջ բաժանելու: