Վարդան Օսկանյանի վերաքննիչ բողոքի քննությունը կրկին հետաձգվել է

ՀՀ վերաքննիչ դատարանը` դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, այսօր կրկին հետաձգել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքի քննությունն ընդդեմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշման:

Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ այսօրվա նիստը հետաձգվել է մեղադրող դատախազի բացակայության պատճառով: Բողոքի քննությունը նշանակվել է վաղը` ժամը 15.30-ին:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել էր Վ. Օսկանյանի դիմումը՝ փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու՝ քննիչի որոշումը չեղյալ համարելու մասին:

Այդ գործով վկա` «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի ու նրա ներկայացուցչի կարծիքով` քրեական գործը հարուցելու որոշմամբ խախտվել են Վ. Օսկանյանի իրավունքները: