Վրաստանը դուրս է բերում զինվորներին Աֆղանստանից․ մամուլ

Վրացի զինվորականներն աստիճանաբար վերադառնում են Աֆղանստանից, հաղորդում է ռուսական «Վզգլյադի» թղթակիցը Թբիլիսիից՝ վկայակոչելով վրացական «Ռեզոնանսի» թերթը։

Համաձայն «Ռեզոնանսիի» տեղեկությունների՝ վերջին շաբաթվա ընթացքում Աֆղանստանից ժամանում են վրացի զինվորականների փոխադրող ինքնաթիռներ։

Վրացի զինվորականների դուրսբերման մեկնարկը պաշտոնապես չի հաստատվում, սակայն «իշխանություններին մոտ կանգնած անձինք մասնավոր զրույցներում» խոսում են այդ մասին, նշում է պարբերականը։

Վրաստանի պաշտպանության նախարարությունն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկությունները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանը այս տարի մեծացնելու է իր զորախումբը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությունում 750 զինվորով։ Դրանից հետո նրանց թիվը կկազմի 1675 մարդ, Վրաստանը կդառնա այդ գործողությունում ամենամեծ ներկայացվածություն ունեցող երկիրը, որը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չէ։

Վրացական վաշտը Քաբուլում ծառայում է Ֆրանսիայի հրամանատարության ներքո, իսկ Գիլմենդ նահանգի գումարտակը՝ ԱՄՆ-ի հրամանատարության ներքո, այնտեղ, որտեղ հատկապես ուժեղ են տալիբների դիրքերը։ Առաքելության ընթացքում զոհվել է 16 վրացի զինվորական։

Դեռ ամիսներ առաջ վրացական լրատվամիջոցները հաղորդել էին, որ վրացի զինվորներն այլևս չեն ցանկանում լինել «թնդանոթի միս», և հունվարին ավելի քան հարյուր վրացի զինվորականի հետ պայմանագրերը խզվել են։ Այդ մարդիկ չէին ցանկացել ծառայել Աֆղանստանում։

Սակայն Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն ապրիլին այցելել էր Աֆղանստանում վրացի զինվորականների դիրքերը, հայտարարել էր, որ «ծառայությունը Աֆղանստանում արժեքավոր փորձ է Վրաստանի զինված ուժերի համար․․․ ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու և երկրի պաշտպանունակության ապահովման հարցում օգնության ցուցաբերման մասին ընդունված որոշումը (2012թ․ հունվարին) Աֆղանստանում մեր ծառայության շարունակությունն է»։

Գարնանը Վրաստանում խնդիրներ էին ծագել՝ կապված Աֆղանստանում ծառայելու համար պայմանագրայինների հավաքագրման հետ։ Վրացական «Կվիրիս պալիտրա» թերթը հաղորդել էր, որ այդ կապակցությամբ Վրաստանի պաշտպանության նախարարությունը որոշել էր 28 հազ․ լարիով (մոտ $17 հազ․) տուգանել Աֆղանստանում ծառայությունից հրաժարվողներին։ Ընդ որում, նշել էր թերթը, պետությունը զոհվածի ընտանիքին որպես փոխհատուցում հատկացնում է 10 հազ․ լարի (մոտ $6 հազ․)։

Մեկնաբանել