Դիվանագիտական պարտարշավը շարունակվում է

Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հետ կապված դիվանագիտական պարտությունը կոծկելու համար Հայաստանի իշխանությունները կարծես փորձում են հասարակության ուշադրությունը շեղել բուն խնդրից: Ակնհայտ է, որ Սաֆարովը հիմնականում հայկական կողմի անգործության պատճառով հայտնվեց հայրենիքում: Անգործության մեջ առաջին հերթին մեղավոր են արտաքին գործերի նախարարությունը և ազգային անվտանգության ծառայությունը:

Պարզ տրամաբանությունը հուշում է, որ դիվանագիտական նման ձախողմանը պետք է հետևեին մի քանի բարձրաստիճան պաշտոնյանների հրաժարականներ, մանավանդ, որ արտաքին գործերի նախարարության անգործությունը փաստող ուղղակի և անուղղակի մի շարք ապացույցներ կան: Օրինակ՝ մամուլում հրապարակվեց «Հունգարիայի հայ ազգային ինքնավարություն» կազմակերպության նամակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ նշվում է, որ կազմակերպության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը դեռ օգոստոսի 20-ին Սաֆարովի հնարավոր էքստրադիցիայի մասին ահազանգել էր ՀՀ արտաքին գործերի և սփյուռքի նախարարություններին, ինչպես նաև Ավստրիայում ՀՀ դեսպանությանը: Սակայն փաստացի վերջիններս կա՛մ բավարար, կա՛մ ընդհանրապես ջանք չեն գործադրել Սաֆարովի էքստրադիցան կանխելու համար:

Նորմալ երկրում վերոհիշյալ գերատեսչությունների ղեկավարները կա՛մ պետք է ինքնուրույն հրաժարական տային, կա՛մ հեռացվեին իրենց պաշտոններից: Սակայն ՀՀ նախագահի մակարդակով որևէ հարցադրում կամ այդ պաշտոնյաններին պատասխանատվության կանչելու փորձ անգամ չարվեց: Սա ենթադրում է, որ Սերժ Սարգսյանը կիսում է դիվանագիտական հերթական խայտառակ պարտության պատասխանատվությունը:

Ձախողման պատճառները վերլուծելու և համապատասխան քայլեր անելու փոխարեն իշխանությունը զբաղված է համազգային ինչ-ինչ «ինքնաբուխ» գործողություններ կազմակերպելով, որոնց հիմնական նպատակը հասարակության ուշադրությանը հիմնախնդիրներից շեղելն է: Տրամաբանական կլիներ, որ այդ ցույցերը տեղի ունենային մինչև էքստրադիցիան, ընդ որում՝ ոչ թե Երևանում Հունգարիայի հյուպատոսության առջև, այլ եվրոպական մայրաքաղաքներում և հենց Հունգարիայում:

Ինչ վերաբերում է բողոքի ուշացած գործողություններին, ապա դրանք արդեն պետք է լինեն Հայաստանի ԱԳՆ-ի և ԱՎԾ-ի շենքերի առջև՝ այդ գերատեսչությունների ղեկավարների հրաժարականի պահանջով:

Հայ-թուրքական դիվանագիտական ֆիասկոյի հեղինակները շարունակում են պարտարշավը: