Իրաքը հետամուտ կլինի Երևանում դեսպանատան բացմանը

Օգոստոսի 27-ին Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանը հանդիպում է ունեցել Իրաքի փոխվարչապետ Ռոզ Նուրի Շաուեյսի հետ, հաղորդում են ՀՀ արտգործնախարարության լրատվական ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերի սկզբին Իրաքի փոխվարչապետի` Հայաստան կատարելիք այցի հետ առընչվող հարցերը, ինչպես նաև երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող համագործակցության ոլորտները: Ռ. Շաուեյսի ակնկալմամբ` իր այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի հայ-իրաքյան քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Նույն օրը դեսպան Մուրադյանը հանդիպում է ունեցել Իրաքի մյուս փոխվարչապետ Սալահ Ալ Մութլաքի հետ: Հանդիպմանը քննարկել են Իրաքի և Հայաստանի փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները: Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում Իրաքի ներքաղաքան իրավիճակի և տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Դեսպան Մուրադյանի հաջորդ հանդիպումը կայացել է օգոստոսի 29-ին Իրաքի արտաքին գործերի փոխնախարար Լուբեյդ Աբաուիի հետ: Կողմերը քննարկել են Երևանում Իրաքի դեսպանության բացման և երկկողմ իրավապայմանագրային դաշտի ստեղծման հետ կապված խնդիրները:

Բարձր գնահատելով Իրաքում Հայաստանի դեսպանության բացումը` Աբաուին նշել է, որ ինքն անձամբ հետամուտ կլինի Երևանում Իրաքի դեսպանության բացման հարցին:

Մեկնաբանել