Օբամայի և Ռոմնիի վարկանիշները հավասարվել են․ հարցում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և այս տարվա նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում նրա մրցակից Միթ Ռոմնիի վարկանիշները հավասարվել են, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Reuters/Ipsos հարցման արդյունքները։ Ներկայում պետության ղեկավարի երկու թեկնածուների օգտին էլ պատրաստ է քվեարկել ընտրողների 45%-ը։ Օնլայն հարցմանը մասնակցել է մոտ 1,4 հազ․ ամերիկացի։

Ռոմնիի վարկանիշն աճել է Հանրապետական կուսակցության՝ օգոստոսի վերջին Տամպայում (Ֆլորիդա) կայացած համագումարից հետո։ Նախքան այդ վարկանիշներում առաջատար էր Օբաման․ նրա օգտին պատրաստ էր քվեարկել ամերիկացիների 46%-ը, իսկ Ռոմնիի օգտին՝ 42%-ը։

Սոցիոլոգները կարծում են, որ Օբամայի վարկանիշը կբարձրանա Դեմոկրատական կուսակցության՝ Շառլոտ քաղաքում (Հյուսիսային Կարոլինա) սեպտեմբերի 6-ին կայանալիք համագումարից հետո․ համագումարում Օբաման պաշտոնապես կհաստատվի դեմոկրատների թեկնածու։ Փորձագետների կարծիքով՝ հետագայում Օբաման կրկին կվերադարձնի առաջատարի իր դիրքը։