Հայաստանի ԳԱԱ-ն կասեցնում է իր փոխհարաբերությունները Հունգարիայի ԳԱԱ-ի հետ

Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելու փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան ուղերձ է հղել Հունգարիայի Գիտությունների ակադեմիային և Հունգարիայի գիտական հանրությանը, հաղորդում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:

Ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի և Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի միջև ավելի քան կեսդարյա արդյունավետ ու խոստումնալից համագործակցություն է ձևավորվել գիտության տարբեր բնագավառներում:

Չնայած ապագային միտված հեռանկարային պայմանավորվածություններին` Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան, ելնելով Հունգարիայի արդի կառավարության կողմից ստեղծված աննախադեպ և հումանիզմի բոլոր արժեքները ոտնահարող գործողություններից, ստիպված կասեցնում է իր փոխհարաբերությունները Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի հետ:

Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունների` Ադրբեջանի իշխանությունների հետ կնքած խայտառակ, անպատիվ ու անհանդուրժելի գործարքը ցնցել ու խորապես վրդովել է գիտության հայ մշակներին` դրդելով ապաքաղաքական համարվող գիտնականներին ծայրահեղ ու աննախադեպ նմանօրինակ քայլի:

Հուսով ենք, որ ծանրակշիռ Ձեր ձայնը լսելի կդարձնեք Ձեր իշխանություններին, կդատապարտեք ու կպարսավեք նրանց անբարո և հունգար ժողովրդի համար անպատվաբեր գործարքը»: