Վրաստանի ԱԳՆ-ը հերքում է Աֆղանստանից վրացի զինվորների դուրսբերման լուրերը

Վրաստանի արտգործնախարարությունը հերքել է վրացական մի շարք լրատվամիջոցներում այսօր տարածված տեղեկությունները Աֆղանստանից վրացի զինվորների դուրսբերման մասին, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։

Հիշեցնենք, որ վրացական «Ռեզոնանսի» թերթն այսօր գրել էր, որ վրացի զինվորականները աստիճանաբար վերադառնում են Աֆղանստանից։

«Վրաստանն իր զորքերը Աֆղանստանից դուրս չի բերում։ Ավելին՝ ծրագրվում է զորախմբի ավելացում։ Իրականացվում է զինծառայողների ռոտացիա, այդ շարժը նկատելի է։ Մի մասը վերադառնում է, մյուս մասը՝ նույն քանակությամբ, մեկնում է Աֆղանստան»,- հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն։

Նրա խոսքով՝ հոկտեմբերին ծրագրվում է Աֆղանստան ուղարկել ևս մի հավելյալ վրացական զորախումբ։

Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում ծառայում է մեկ վաշտ (175 զինվոր ու սպա), որը տեղակայված է Քաբուլում՝ Ֆրանսիայի պատասխանատվության գոտում, և գումարտակ՝ Գիլմենդ նահանգում (մոտ 750 մարդ)՝ ԱՄՆ-ի պատասխանատվության գոտում։ Աֆղանստանում առաքելության սկզբից ի վեր զոհվել է 17 վրացի զինվորական։

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անցյալ տարվա վերջին դիմել էր երկրի խորհրդարանին՝ Աֆղանստան ևս մի ցամաքային գումարտակ ուղարկելու նպատակով։ Խորհրդարանն այս նախաձեռնությանն աջակցել էր։

Մեկնաբանել