Դա Հունգարիայի ժողովրդի որոշումը չէ. հունգարացի մտավորականներ

Հունգարիայի կողմից մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու և տվյալ երկրի նախագահ Ալիևի կողմից ներում շնորհելու վերաբերյալ լուրը առաջ է բերել հունգարացի մի շարք մտավորականների  արդարացի զայրույթն ու վրդովմունքը:  Սեպտեմբերի 2-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ստացել է մի շարք նամակներ, որոնցում  քննադատելով Հունգարիայի իշխանությունների այդ քայլը, մտավորականներն  իրենց զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին. այս մասին հաղորդում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Մասնավորապես, Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի պատասխանատուներից մեկի նամակում նշվում է, որ զարմանքով  են տեղեկացել Հունգարիայի կառավարության որոշման ցմահ բանտարկության դատապարտված մարդասպանին  Ադրբեջանին հանձնելու և այնտեղ անմիջապես ներում շնորհելու  մասին:  «Չի կարող պատահել. ինչպիսի ամոթ և կոպիտ սխալ: Իմ նամակով ցանկանում եմ տեղեկացնել, որ հունգարացիների մեծ մասը դեմ է այս որոշմանը և արտահայտում է իր խոր զորակցությունը հայ ժողովրդին: Ընդամենը մի քանի ժամ առաջ  Հունգարիայի արքեպիսկոպոսը գրավոր իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին: Մենք կիսում ենք Ձեր զգացմունքները, հուսով ենք, որ դուք հասկանում եք, որ այն ոչ թե հունգար ժողովրդի, այլ կառավարության որոշումն է… Հուսով ենք, որ կգան լավ ժամանակներ և մենք կշարունակենք մեր համագործակցությունը»:

Վիշեգրաֆթ միջազգային հիմնադրամի աշխատակիցներից մեկի նամակում մասնավորապես նշվում է. «Ես զարմացած էի, երբ վերջին լուրերով լսեցի մարդասպանին ազատ արձակելու և մեծարելու լուրը: Մեծ հիասթափություն ապրեցի ոչ միայն ես, այլ նաև հուգարացիների մեծ մասը: Մենք չգիտենք, թե ինչ է կանգնած այս որոշման թիկունքում. միամտություն, դիլետանտիզմ,  թե տնտեսական կամ ֆինանսական շահ: Դուք և ողջ հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ դա Հունգարիայի ժողովրդի որոշումը  չէ: Հունգարացիները ցավում են հայ ժողովրդի հետ, արտահայտում են իրենց զորակցությունը հայ ժողովրդին և քննադատում կառավարությանը»: