Յուրա Մովսիսյան. Այժմ ամենակարևորը Մալթայի հետ խաղն է

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում անցկացրած բաց մարզումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

-Յուրա, ի՞նչ կասես Բելառուսից կրած պարտության մասին, արե՞լ եք արդյոք հետևություններ:

-Եթե մենք մեր պահերն օգտագործեինք ու գոլ խփեինք, այսօրվա դրությամբ Բելառուսի մասին էլ չէինք մտածի: Բայց ֆուտբոլում միշտ այդպես է լինում, դու չես խփում գոլերը, նրանք են խփում ու հաղթում են: Հիմա մենք այդ խաղի մասին այլևս չենք մտածում, քանի որ առջևում շատ կարևոր խաղեր կան: Մեր ուշադրությունը Մալթայի վրա է:

՞նչ ենք սպասում այդ խաղից:

-Լավ ֆուտբոլ: Ի՞նչ կարող ենք սպասել: Ճիշտ է, շատ դժվար է լինելու, քանի որ նրանց դաշտում ենք խաղալու: Բայց հուսով եմ, մեր թիմին լավ ճանաչելով, նրանք էլ զգույշ կլինեն: Գիտեն, որ շատ արագ ֆուտբոլիստներ ունենք, արագ ֆուտբոլ ենք խաղում և ամեն խաղին էլ շատ հնարավորություններ ունենում ենք գոլ խփելու, իսկ դա արդեն մեզնից է կախված` կգրավենք դարպասը, թե ոչ:

-Իսկ մենք որքանո՞վ ենք ճանաչում Մալթային:

-Անձամբ ես շատ չեմ ճանաչում: Լսել եմ իրենց մասին, նայել եմ մի քանի խաղ, բայց անհատական ֆուտբոլիստներին չեմ ճանաչում: Շուտով կծանոթանք: Իհարկե չենք կարող ասել, որ թույլ մրցակից է: Այսօրվա դրությամբ մենք չենք կարող Մալթային անտեսել, սկսել մտածել Բուլղարիայի կամ Իտալիայի մասին, քանի որ այս պահին ամենակարևոր խաղը մեզ համար Մալթայի հետ է: Եթե այդ խաղում չկարողանանք հաղթել, էլ ինչ խոսք մյուսների մասին:

-Դու և Հենրիխը հավաքականի առաջատարներն եք ու առաջնությունը շատ լավ եք սկսել, ինչի՞ հետ է դա կապված:

-Չէի ասի, որ մենակ ես ու Հենոն ենք, քանի որ Մարկոսը, Գևորգը նույնպես գոլեր են խփում, Արազը… Չգիտեմ ինչով է դա պայմանավորված: Ընտելացանք մեր թիմերում: Ես հարմարվեցի Ռուսաստանի լիգայում: Թիմակիցներս էլ իմացան իմ խաղաոճը, չգիտեմ, ստացվում է:

-Վերջերս քո տրանսֆերի շուրջ նորից լուրեր էին տարածվել, եթե լավ առաջարկ լինի, պատրա՞ստ ես տեղափոխվել:

-Հիմա արդեն ուշ է առաջարկի համար: Բայց ապագայում կարծում եմ, եթե լավ առաջարկ լինի, «Կրասնոդարն» անպայման կդիտարկի այն, հասկանալի է, որ դրանից կարող է օգուտ լինել թե ինձ, թե թիմին:

-Ինքդ որտե՞ղ կցանկանայիր խաղալ, խոսվում էր ԲԿՄԱ-ի հետաքրքրության մասին:

-Ինքս շատ տեղ կուզեի խաղալ, ինչ վերաբերում է ԲԿՄԱ-ին, վատ բան ասել չեմ կարող, այն թիմերից է, որ միշտ խաղում է եվրագավաթներում: Բայց ես «Կրասնոդարի» ֆուտբոլիստ եմ, խաղում եմ այս թիմի համար: Հետաքրքրություն պարզ է, որ կլինի, երբ հարձակվողը գոլեր է խփում, քանի որ այդպիսի ֆուտբոլիստ բոլորին պետք է, բայց ինչքանով է այդ հետաքրքրությունը լուրջ` չգիտեմ:

-Գիտե՞ս, որ ավտոբուսով երկրպագուներ են ուղևորվել Բուլղարիա:

-Չգիտեի, շատ լավ լուր է, շատ ուրախ կլինենք մեր երկրպագուներին տեսնել թե Բուլղարիայում, թե Մալթայում: Մեզ համար միշտ էլ հաճելի է տեսնել նրանց դրսի խաղերին:

Մարզական գործընկեր SportArmenia.com