Հայտնի են Հայաստանի հավաքականների մրցակիցները 7-րդ տուրում. Ստամբուլ 2012

Ավարտվեց Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրը: Քիչ առաջ մրցաշարի պաշտոնական կայքը հրապարակեց մրցաշարային աղյուսակն ու 7-րդ տուրի զույգերը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը նահանջել է 2-րդ հորիզոնական` առաջին տեղը զիջելով այսօրվա մրցակցին` Ռուսաստանին:

Թեև մեր տղաները ոչ-ոքի խաղացին ռուսների հետ և միավորներով չեն զիջում նրանց, Վլադիմիր Կրամնիկը կարողացավ առաջին խաղատախտակի վրա հաղթել օլիմպիադայի ամենաբարձր վարկանիշն ունեցող գրոսմայստերին` Լևոն Արոնյանին, և հենց այդ հաղթանակի հաշվին ռուսները գլխավորեցին մրցաշարային աղյուսակը: Հայաստանին և Ռուսաստանին միավորներով հավասարվեց նաև Ադրբեջանի հավաքականը, որը լրացուցիչ ցուցանիշներով 3-րդն է:

7-րդ տուրում Լևոն Արոնյանն ու ընկերները ուժերը կչափեն 4-րդ տեղը զբաղեցնող Չինաստանի ընտրանու հետ, իսկ ռուսները կմրցեն ադրբեջանցիների հետ:

Կանանց պայքարում Հայաստանի ընտրանին, որ այսօր 3.5:0.5 հաշվով պարտության մատնեց արգենտինուհիներին, բարձրացավ 23-րդ հորիզոնական և հաջորդ տուրում ուժերը կչափի իտալուհիների հետ:

Մեկնաբանել