Մենք ժամանակ չունենք, պիտի ժողովրդավար դառնանք. Վարդան Օսկանյան

Հայաստանի քայլերը ժամանակավրեպ են

Աղմուկ բարձրացնելով հնարավոր էր Սաֆարովի արտահանձնումը կասեցնել. եթե մենք աղմուկ բարձրացնեինք 15 օր առաջ, դա հնարավոր կլիներ. մենք վրիպել ենք. այս մասին նշեց ՀՀ նախկին արտգործնախարար, «ԲՀԿ» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը:

«2005-2006թթ Ադրբեջանը ձգտում էր դատը տեղափոխել Բաքու, դա կանխվեց, կանխվեցին հետագա ջանքերը բավական ժամանակ, սակայն մատը պետք էր զարկերակի վրա պահել, ինչը չարվեց»,- նշեց Օսկանյանը: Նա հիշեցրեց, որ նշված տարիներին Ադրբեջանը փորձել է դա անել ամեն ամիս, անընդհատ: «Մենք դա բացառում էինք. մենք ներսում մեր մարդիկ ունեինք: Նրանք պիտի հանդիպումներ ունենային և վստահ լինեին, որ մեր կռնակի հետևից բան չի արվում: Հիմա մենք վրիպել ենք»,- ասաց նա:

Օսկանյանը դժվարացավ նշել, թե ինչն էր այս վրիպումը պատճառը: Ըստ նրա` խնդիրն այն չէ, որ տեղեկություններ չեն ստացվել. ՍիվիլՆեթում այս մասին հարցազրույց է տվել Լարիսա Ալավերդյանը, դեռ շաբաթներ առաջ ահազանգել են հունգարահայերը: «Մենք 20 տարվա պետություն ենք. դիվանագիտության մեջ «խաբել-չխաբել» հասկացություններ չկան: Ասենք` Ղարաբաղի շուրջ ինչ-որ իրադարձություն լինի, ինչ-որ քայլեր անենք, հետո ասենք` ադրբեջանցիք կամ թուրքերը մեզ խաբե՞լ են: Այս պարագայում լուռ դիվանագիտական աշխատանքը չէր կարող պտուղներ տալ, միայն հրապարակային աշխատանք էր պետք տանել»,- նշեց նա:

Հունգարիայում պատճառը ժողովրդավարական հետընթացն էր

Վարդան Օսկանյանը կարևորեց այս դեպքից դասեր քաղելը ավելի լուրջ կորուստներ չունենալու համար: Հունգարիայի իշխանության կողմից Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշումը կայացնելը, ըստ նրա, պայմանավորված է այդ երկրում ժողովրդավարության հետընթացով. Հունգարիայում այսօր դատարանները նույն լեգիտիմությունը չունեն, ազատությունների լուրջ սահմանափակումներ կան, լուրջ խնդիրներ ունի երկրի վարչապետը: «Երեք տարի առաջվա Հունգարիայում նման բան չէր կարող տեղի ունենալ»,- ասաց նա:

Կարևոր է, որ Հայաստանն արձանագրի դա և կարողանա այս իրավիճակն օգտագործել Ադրբեջանի դեմ: «Սա տեղի ունեցավ, քանի որ ազատությունների խիստ սահմանափակումներ կային. և որպեսզի մեր հիմնավորումները միջազգային հանրության համար համոզիչ լինեն, պետք է կարողանանք հավաստել, որ ժողովրդավարությունը մեր երկրում ճիշտ հիմքերի վրա է դրված և արդունքներ է տալիս»,- ընդգծեց նա:

Իշխանության այսօրվա քայլերը նվազագույնն են, որ պիտի արվեին, սակայն, ըստ Օսկանյանի, ուշացած են: «Երբ այսօր Սաֆարովն ազատության մեջ է, ներկայիս քայլերը գուցե մեզ ինչ-որ բավարարվածության զգացում են տալիս, բայց, ամեն դեպքում, մեր ցավը չեն մեղմացնում. դա մեզ համար մեծ հարված էր»,- ասաց նա:

Պետք է իրավիճակն օգտագործել` ի նպաստ ԼՂՀ հարցի կարգավորման

Հիմա ժամանակն է, որ մենք, ըստ նախկին արտգործնախարարի, կարողանանք այս իրավիճակն օգտագործելով` ոչ թե բարոյական, այլ դիվանագիտական լուրջ հաջողություններ ունենալ: Ինչպես նշեց Օսկանյանը, «Ժամանակն է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրումից անցնել ԼՂՀ ինքնորոշված լինելու փաստի ամրագրմանը. այս երկուսի միջև մեծ տարբերություն կա», բայց դա կարողանալու համար պետք է, իրոք, աշխարհին` որպես ժողովրդավար պետություն ներկայանանք:

«Մեր տեսանկյունից Ալիևը հիմարություն է արել, սակայն Ադրբեջանի ներսում այս տարիների ընթացքում այնպիսի մթնոլորտ է ձևավորվել, որ սա նորմալ է ընկալվում: Իսկ արտաքին աշխարհի մասին Ալիևը չի էլ մտածում: Ադրբեջանի և մեր ընկալումները տարբեր են: Իր տրամաբանությամբ` Ադրբեջանը լիովին այլ հարթության վրա է գտնվում: Դա մենք պիտի հասկանանք, սակայն երբեք պետք չէ, որ այդ հարթության վրա հայտնվենք»,- նշեց նա:

Հաշվի առնելով իշխանությունների մինչ այժմ վարած քաղաքականությունը` Օսկանյանը հավանական չհամարեց, որ մեր դիվանագիտական միտքը կկարողանա համարժեք պատասխան տալ: Ըստ նրա` հասցված ապտակն ըստ արժանվույն վերադարձնելու համար պետք է այս գործին ներգրավվեն նաև նախկին պաշտոնյաները, նոր ուժեր:

«Այսօր ես ընդդիմություն եմ, ինձ հարող կուսակցությունը դեռ ընդդիմադիր կարգավիճակում չէ, բայց այդ ամենը կարելի է մի կողմ դնել, քննարկել, որոշել ճիշտ քայլերը, ճիշտ կողմնորոշվել: Իշխանությունները պետք է կարողանան ճիշտ կշռադատել և իրենց սխալն ընդունել: Սա մեծ խնդիր է ստեղծված մթնոլորտում. կարծես, արդեն արժանապատվության խնդիր է դարձել, ոչ ոք իր սխալը չի ուզում ընդունել»,- նշեց նա:

Օսկանյանի կարծիքով` այսօր ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցի շուրջն է դիտարկվում, և միամտություն է կարծել, որ Ադրբեջանը երբևէ ինքնակամ կընդունի ԼՂՀ ինքնորոշման փաստը: «Մենք պետք է դա անենք միջազգային հանրության պարտադրանքի միջոցով: Այնպես որ ստեղծված իրավիճակում մարդիկ են պետք, որ միտք և համարձակություն ունենան խնդիրներին առերեսվելու և դրանք լուծելու համար»,- ասաց նա:

Ադրբեջանը կարող է փորձել կետային ճեղքումով փոխել սահմանագիծը

Նա վստահ է, որ չպիտի հաշվենք, թե տարբեր երկրները կամ միջազգայիան կառույցներն ինչպես արձագանքեցին Սաֆարովի ազատ արձակման այս գործընթացին: «Նրանք միջնորդի կարգավիճակում են հայտնվել և մտավախություն ունեն, որ կարող են ինչ-որ քայլով կորցնել իրենց միջնորդի չեզոք կարգավիճակը: Մենք որևէ մեկի վրա հույս չպիտի դնենք, մենք պիտի մտածենք այս երևույթի կանխարգելման մասին. մեր վրա հույսը դնելով` ճիշտ պահին ճիշտ քայլեր անելով պիտի կարողանանք խնդիրներ լուծել: Արդեն Ադրբեջանն այնքան ինքնավստահ է դարձել, որ վաղը եթե ոչ պատերազմ, սակայն կետային ճեղքում կարող է իրականացնել, փոխել սահմանագիծը, ինչը առավել մեծ հոգաբանական հարված կարող է լինել: Մենք պիտի կարողանանք ճիշտ քայլերով կանխարգելել նման զարգացումները: Եթե մենք այս պարզ իրավիճակում չկարողացանք ճիշտ կողմնորոշվել, վաղը ո՞ւմ ենք մեղադրելու: Հայտարարում են այս կամ այն կառույցի` ՆԱՏՕ-ի կամ մյուսի հետ հարաբերությունները վերանայելու մասին. առաջին հերթին մենք մեր հարաբերությունները պետք է վերանայենք մեզ հետ` մեր գերատեսչությունների հետ»,- նշեց նա:

Հայաստանն այլընտրանք չունի, պիտի ժողովրդավար դառնա

Օսկանյանը վստահ է, որ Հայաստանն պիտի լինի ժողովրդավարական երկիր, քանի որ դա է զարգացման միակ ուղին: «Այն կարծիքը, թե պատերազմական վտանգ ունենալով` պիտի փակ լինենք, իշխանություններն աշխատեն վարագույրի հետևում, սխալ է: Մենք ժամանակ չունենք: Որովհետև եթե այսպես շարունակվի, Ադրբեջանը իր փողով, նավթով, ինքնավստահությամբ մեզ գերազանցելու է»:

Երկրին այսօր, իր դիտարկմամբ, սպառնում է քաղաքական մենաշնորհը: «Մարդկանց թվում է` ինքնանպատակ բան եմ ասում: Բայց դա հիմնական է: Այս քաղաքական մենաշնորհն է բոլոր խնդիրների հիմքում` հատկապես Հայաստանի պես փոքր, քիչ ռեսուրսներ ունեցող երկրների համար: Եվ դա պիտի գիտակցեն վերևում: Ճիշտ է` ներքևից վերև կարելի է բան փոխել, սակայն դա շատ ժամանակ և մեծ էներգիա է պահանջում: Մենք այդքան ժամանակ չունենք: Ես չեմ ուզում որևէ մեկին վախեցնել, բայց մենք ունենք թշնամի, ով իր առաջ խնդիրներ է դրել` ուզում է Ղարաբաղը վերցնի, Երևանը վերցնի, մենք պիտի այս իրավիճակը ճիշտ գնահատենք: Իսկ լուծումը միասնական դառնալն ու ժողովրդավարության ճանապարհով համարձակորեն առաջ քայլելն է»,- ասաց նա:

Նա հիշեցրեց, որ տաս տարի առաջ մենք առաջ էինք թե Ադրբեջանից, թե Վրաստանից մեկ շնչին ընկնող համախառն ներքին արտադրանքով: «Մենք չենք աճում, մեր երկրում աղքատություն կա, արտագաղթ կա: Եկեք առողջ նայենք, և տեսնենք մեր առաջընթացը հակադրությունների միասնության մեջ: «Կամ մեզ հետ ես, կամ մեզ դեմ ես» կարգախոսը սխալ է, պետք է դա փոխվի: Ի վերջո, մենք պիտի հասկանանք, որ իշխանություն թե ընդդիմություն բոլորս մի ընդհանուր շահի համար ենք աշխատում»,- ասաց նա:

Մեկնաբանել