Արազ Օզբիլիս. Դրական արդյունքներ ենք ակնկալում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը Մալթայի հետ խաղից առաջ հավաքականի առաջին մարզումից հետո զրուցել է լրագրողների հետ:

-Արազ, ի՞նչ կասես քո նոր թիմի ու անցկացրած առաջին խաղերի մասին:

-«Կուբանը» լավ թիմ է, իհարկե այն տարբերվում է «Այաքսից», բայց կարծում եմ, ես արագ կվարժվեմ:

-Իսկ ինչպե՞ս ընդունեցիր այս առաջարկը, կային տարբերակներ այլ ակումբների հետ:

-Այո, հոլանդական մի շարք ակումբներ նույնպես ցանկանում էին ինձ իրենց կազմում տեսնել: Բայց ես որոշեցի տեղափոխվել Կրասնոդար: Խոսեցի այստեղ մի քանի խաղացողների, ինչպես նաև` մարզչի հետ: Կարծում եմ` այդտեղ խաղալու լավ շանսեր ունեմ, այդ պատճառով ընտրեցի «Կուբանը»:

-Խփեցիր առաջին գոլդ: Դա ավե՞լի մեծ վստահություն կտա:

-Վստահությունը կար, բայց իհարկե գոլը նույնպես շատ հաճելի էր: «Դինամոն» հզոր թիմ է ու նրանց հետ խաղում մենք կարողացանք երեք միավոր վաստակել: Հիանալի էր:

-Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերից ի՞նչ ակնկալիքներ ունես:

-Ես հույս ունեմ, որ մենք 6 միավոր կվաստակենք: Շատ կարևոր է լավ սկսել: Դրական արդյունքներ ենք ակնկալում:

-Բելառուսի հետ խաղի մասին ի՞նչ կասես, ինչո՞ւ պարտվեցինք:

-Կարծում եմ` այդտեղ բախտի գործոնը կար: Մենք շատ լավ հնարավորություններ ունեինք: Եթե բացում ես հաշիվը, հետո շատ ավելի հեշտ է տրվում: Խփած գոլից հետո բելառուսցիները վստահություն ձեռք բերեցին: Ունեցան երկու պահ, երկուսն էլ իրացրին:

-Կարո՞ղ ես համեմատել Ռուսաստանի և Հոլանդիայի կյանքը:

-Ոչ, դրանք անհամեմատելի են: Տարբերություններ շատ կան: Բայց ֆուտբոլը մնում է ֆուտբոլ:

-Մարկոսը և Յուրան անպայման օգնում են քեզ:

-Այո, իհարկե, Մանոյանը նույնպես: Մենք բոլորս միասին ենք:

Մարզական գործընկեր SportArmenia.com