Ադրբեջանը նվազեցնում է ՀՆԱ-ի աճի կանխատեսումը

Ադրբեջանի կառավարությունը հերթական անգամ նվազեցրել է երկրի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը: Հիմնական «մեղավորը» նավթային ոլորտն է, մասնավորապես՝ նավթի արդյունահանումը, գրում է ադրբեջնական «Զերկալո» պարբերականը՝ վկայակոչելով կառավարության իր հավաստի աղբյուրները: Ըստ պարբերականի՝ ներկայում կառավարությունում հստակեցվում են 2012թ. և 2013թ. մակրոտնտեսական կանխատեսումները: Այսպես՝ հստակեցված կանխատեսումների համաձայն՝ 2012թ.Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը կկազմի 2,2%՝ ավելի վաղ կանխատեսված 5,7%-ի փոխարեն:

Թերթի տեղեկությունների համաձայն՝ 2012թ. երկրի նավթային ոլորտում ակնկալվում է 4,5%  անկում՝ ավելի վաղ կանխատեսված 1,5% աճի փոխարեն, ինչը պայմանավորված է նավթի արդյունահանման ծավալների նվազմամբ: 2012թ. Ադրբեջանում տարեկան գնաճը կկազմի 4,7%՝ ավելի վաղ կանխատեսված 6%-ի փոխարեն:

Համաշխարհային բանկը  2012թ. Ադրբեջանում ՀՆԱ-ի 3,1% աճ է կանխատեսել, 2013թ.՝ 3%: Պարբերականը նշում է, որ Ադրբեջանի ՀՆԱ-ի աճի տեմպերը բավական ցածր են ԱՊՀ երկրների շրջանում: