ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և ընդլայնման ու եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակները երեկ հայտարարություն են տարածել՝ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և ներում շնորհելու կապակցությամբ:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Բարձր ներկայացուցիչը և հանձնակատար Ֆյուլեն մտահոգ են լուրերով, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել Ադրբեջանի բանակի սպա Ռամիլ Սաֆարովին, որը դատապարտվել էր ցմահ ազատազրկման հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. Բուդապեշտում սպանելու համար:

Ռամիլ Սաֆարովը Հունգարիայից Ադրբեջան է տեղափոխվել օգոստոսի 31-ին՝ Ադրբեջանի հայտի հիման վրա` 1983թ. մարտի 21-ին ընդունված Դատապարտվածների փոխանցման Ստրասբուրգի կոնվենցիայի շրջանակում, որպեսզի շարունակի կրել իր պատիժը: ԵՄ ներկայացուցիչները կապի մեջ են համապատասխան իշխանությունների հետ և կշարունակեն հետևել իրավիճակին:

Տարածաշրջանի կայունությանը և հաշտեցմանն ուղղված շարունակական ջանքերի շահերից ելնելով՝ բարձր ներկայացուցիչը և հանձնակատար Ֆյուլեն վերահաստատում են իրենց կոչը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն հանդես բերելու մասին, ինչպես գործնականում, այնպես էլ հանրային հայտարարություններում՝ իրավիճակի սրումը կանխելու համար»:

Մեկնաբանել