Իգոր Կվաշային վերջին հրաժեշտն են տալիս

Այսօր Մոսկվայում հրաժեշտ են տալիս Իգոր Կվաշային: Միլիոնավոր հանդիսատեսի կողմից  սիրված դերասանը կյանքից հեռացել է օգոստոսի 30-ին, 80 տարեկանում:

Այս րոպեներին «Սովրեմեննիկ» թատրոնում, որտեղ Կվաշան հանդես է եկել հիմնադրման պահից, քաղաքացիական հոգեհանգստի արարողությունն է ընթանում: Հուղարկավորությունը տեղի կունենա Տրոյեկուրովյան գերեզմանատանը:

Կվաշան նույնքան հաջողակ և ճանաչված էր թե՛ կինոյում, թե՛ թատրոնում խաղացած դերերի համար: Հանդիսատեսը երբեք չի մոռանա նրա կերտած կերպարները «Հենց այն Մյունհաուզենը», «Հանրապետության սեփականություն», «Գաղտնի խորհրդականը», «Երեքի սրտերը» և այլ ֆիլմերում: Վերջին տարիներին նրա «Սպասիր ինձ» հաղորդման շնորհիվ հարյուր հազարավոր մտերիմներ են  իրար գտել:  Գործընկերը՝ Մարիա Շուկշինան, ասում է, որ Կվաշան բոլոր պատմությունները վերապրում էր և եթերից հետո հաճախ ստիպված էր լինում սրտի դեղեր ընդունել: