«Ա1+»–ը սեպտեմբերի 10-ից կհեռարձակվի «Արմնյուզ»–ի եթերում

Սեպտեմբերի 10-ից «Ա1+»-ը հաղորդումներ կհեռարձակի «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել են «Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր Արտակ Ալեքսանյանը և «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանը:

«Արմնյուզ»-ի և «Ա1+»-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ շաբաթը հինգ օր՝ երկուշաբթիից ուրբաթ, «Ա1+»-ի լրատվական-վերլուծական 20-րոպեանոց հաղորդումը կլինի «Արմնյուզ»-ի եթերում՝ երեկոյան ժամը 21:00-ին:

Ալեքսանյանի խոսքով՝ նախաձեռնությունը «Արմնյուզ»-ինն է, որի նպատակը հեռուստադիտողին հնարավորություն տալն է՝ ծանոթանալու ինֆորմացիոն ժանրի առավել հետաքրքիր և բազմազան արտադրանքին:

Ալեքսանյանը նաև վստահեցրել է, որ «Արմնյուզ»ը չի միջամտելու «Ա1+»-ի պատրաստած հաղորդումների խմբագրական աշխատանքին:

«Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը նշել է, որ երբ «Արմնյուզ»-ը սկսեց թափ հավաքել ինֆորմացիոն դաշտում, «Ա1+»-ը չէր կարող քաշվել մի կողմ և սպասել, քանի որ լրատվական դաշտում է 1991-ից:

«Համագործակցությունը՝ որպես բիզնես-առաջարկ, հետաքրքիր աշխատանք է ենթադրում: Պայմանները «Ա1+»-ը մեծ սիրով է ընդունել: Ծրագիրը կունենա ինֆորմացիոն-վերլուծական բովանդակություն, ներկայացնելու է առօրյայի անցուդարձը, քաղաքական դաշտը և հատկապես` մշակույթը, որը կարծում եմ` անտեսված է»,- ասել է Մովսեսյանը:

Նշենք, որ կողմերի միջև համագործակցության պայմանագիրը կնքվել է մեկ տարի ժամկետով:

Մեկնաբանել