Սաֆարովին ներում շնորհելը լրջորեն վնասում է բանակցային ջանքերին. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ալիևի կողմից ներում շնորհելու փաստի կապակցությամբ:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Ֆրանսիան իր մտահոգությունն է հայտնում օգոստոսի 31-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ: 2006թ. վերջինս հունգարական արդարադատության կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 2004թ. Բուդապեշտում հայ սպայի աներևակայելի սպանության համար:

Ֆրանսիան, ինչպես և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում խորապես ներգրավված Մինսկի խմբի այլ համանախագահները, համարում է, որ այդ որոշումը կարող է լրջորեն վնասել բանակցային ջանքերին և կողմերի միջև վստահության մթնոլորտի հաստատմանը»:

Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովը կացնահարել է Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին: 2006թ. Հունգարիայում Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին և ներման արժանացավ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից: Նույն օրը Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մեկնաբանել