Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարները կողմ են հիմնախնդիրների՝ միմիայն խաղաղ ճանապարհով լուծմանը

Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Արգենտինայի իր պաշտոնակից Հեկտոր Մարկոս Թիմերմանին, հաղորդում են արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

«Այս տարի մենք նշում ենք հայ-արգենտինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, և կարող ենք արձանագրել, որ Արգենտինայի հետ այս տարիներին մենք ունեցել ենք բավական ինտենսիվ շփումներ:

Մենք կարևորում ենք հայ-արգենտինյան փոխգործակցության զարգացումը. դրա մասին խոսում է այն փաստը, որ Լատինական Ամերիկայում առաջին դեսպանատունը մենք բացեցինք հենց այդ երկրում, Արգենտինան առաջին լատինաամերիկյան երկիրն է, որի հետ մենք վերացրել ենք մուտքի արտոնագրային ռեժիմը: Իր հերթին, Արգենտինայի դեսպանատունը Հայաստանում առաջինն էր Հարավային Կովկասում»,- ասել է Նալբանդյանը:

Նախարարները պայմանավորվել են շարունակել աշխատանքները երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու ուղղությամբ, ամրապնդել միջազգային կազմակերպություններում համագործակցությունը, առևտրատնտեսական, մշակութային և գիտակրթական փոխգործակցությունը։
անդրադարձել են երկկողմ փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի:

Հեկտոր Թիմերմանը Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել է Արգենտինայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների, լատինաամերիկյան տարածաշրջանում զարգացումների և դրանց վերաբերյալ իր երկրի մոտեցումների մասին:

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նախարարները համակարծիք էին, որ հիմնախնդիրները պետք է լուծվեն միմիայն խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:

Հանդիպումից հետո նախարարները ստորագրել են համաձայնագիր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության և Արգենտինայի սպորտի քարտուղարության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին, ապա հանդես եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Մեկնաբանել