Հունգարացիների ամենաարժանի պատասխանը կարող է լինել ԼՂՀ ճանաչումը. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարությամբ է հանդես եկել Հունգարիայում հայ սպայի սպանության համար ցմահ դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունը ներակայցված է ստորև:

«Ադրբեջանի իշխանությունների գործողությունները զարմանք չեն առաջացնում: Սա այդ երկրում վաղուց փայփայվող հայատյացության չկշռադատված դրսևորում է: Հիշենք Սումգայիթը, հայերի ջարդերը Բաքվում և «շահիդների պուրակը», որը հավերժացնում է ջարդարարների հիշատակը: Սրանում համոզվածությունն է ժամանակին ձեւավորել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի անփոփոխ դիրքորոշումը` որևէ ձևով Ադրբեջանի կազմում ԼՂՀ գոյության անհնարինությունը:

Ադրբեջանում այնպիսի ատելությամբ են լցված հայերի նկատմամբ, որ մոռացել են բարոյականության սահմանների մասին: Մարդասպանին ներում շնորհելու հրամանագիրը ղարաբաղցիների` Անկախություն ունենալու բոլոր հիմնավորումների լավագույն ապացույցն է:

Ի դեպ, եթե հունգարական կողմի արձագանքից պարզվի, որ Ադրբեջանն իրոք խաբել է պաշտոնական Բուդապեշտին և հանցավոր համաձայնություն չի եղել, ապա հունգարացիների ամենաարժանի պատասխանը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը»:

Մեկնաբանել