Moody’s-ն իջեցրել է ԵՄ վարկանիշի կանխատեսումը

Moody’s միջազգային վարկանշային գործակալությունն իջեցրել է Եվրամիության երկարաժամկետ վարկային վարկանիշի կանխատեսումը «կայուն»-ից «բացասական»-ի, ասված է Moody’s-ի տարածած հաղորդագրությունում:

ԵՄ վարկանիշը հաստատվել է Ааа մակարդակում: Միաժամանակ՝ գործակալությունն իջեցրել է ԵՄ միջնաժամկետ պարտատոմսերի թողարկման ծրագրի կանխատեսումը, որին շնորհված է նախնական Ааа վարկանիշը:

Եվրամիության վարկանիշի իջեցումը «բացասական»-ի արտացոլում է միության հանգուցային երկրների սուվերեն վարկանիշների (գտնվում են Aaa մակարդակում) համար անբարենպաստ հեռանկարները: Այս երկրների թվում են Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Նիդեռլանդները: Վերջիններիս բաժին է ընկնում ԵՄ բյուջեի եկամուտների մոտ 45%-ը: Նրանց վարկունակությունը սերտորեն փոխկապակցված է, ասված է հաղորդագրությունում, քանի որ դրանք բոլորը այս կամ այն կերպ ենթարկվում են պարտքային ճգնաժամի ազդեցությանը:

Moody`s-ում համոզված են, որ ԵՄ հանգուցային պետությունների վարկունակության փոփոխմանը զուգահեռ կփոխվի նաև ԵՄ վարկունակությունը:

Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսի 23-ին Moody`s-ը Գերմանիայի և Նիդեռլանդների վարկանիշներին (գտնվում են Aaa մակարդակում) շնորհել էր «բացասական» կանխատեսում: