Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունում նոր առաջնորդ է նշմարվում

Մարսելում, որտեղ իրականացվել է վերջին ամիսների 14-րդ աղմկոտ սպանությունը, ոստիկանությունը ուժեղացվելու է, սակայն բանակ չի մտցվելու։ Այսպես է որոշել երկրի ներքին գործերի նախարար Մանուել Վաալսը․ նախագահ Ֆրանսուա Օլանդի անկում ապրող վարկանիշի ֆոնին հենց նա է դառնում ֆրանսիական քաղաքականության ամենանկատելի ֆիգուրը, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը։

Մարսելում, որտեղ ընթանում են իսկական գանգստերային պատերազմներ, 14 մարդ դարձել է վերջին ութ ամիսների հաշվեհարդարի զոհ։ Քաղաքի բնակիչները դեմ չեն, որ ավազակախմբերը կրակեն միմյանց վրա, սակայն նրանց մտահոգում է բռնության ընդհանուր մակարդակը քաղաքում, նարկոթրաֆիկի ազդեցությունը, խանութների թալանը։ Սոցիալիստ սենատական Սամիյա Գալին՝ մարսելյան երկու շրջանների քաղաքապետը, անգամ բանակի միջամտության կոչ է արել։ Սրան կտրուկ է արձագանքել Մանուել Վաալսը՝ ներքին գործերի նախարարը Ժան Մարկ Էրոյի կառավարությունում․ «Խոսք անգամ լինել չի կարող․․․ Մենք ներքին թշնամիներ չունենք»։

Այդուհանդերձ, բոլոր խնդիրներից (որոնց բախվում է ներկայում Ֆրանսիայի կառավարությունը) ամենանկատելին (թեև միանգամայն ոչ ամենակարևորը) անվտանգությունն է։ Համապատասխանաբար՝ ամենատեսանելի տեղում ներքին գործերի նախարարությունն ու Մանուել Վաալսն են։ Նրան բարդ ժառանգություն է բաժին հասել։ Նրա նախորդ Կլոդ Գեանը, որը համարվում էր նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի գորշ կարդինալը, իրեն դրսևորել էր՝ որպես ներգաղթի մոլի հակառակորդ։ Նրա դեկրետներից մեկն արգելում էր աշխատանքի ընդունել օտարերկրացիներին, որոնք ավարտել են բարձրագույն ուսումնական հաստատություններ Ֆրանսիայում։ Նրա իրավահաջորդից «սրտի դիկտատուրա» էին սպասում։ Առավելևս, որ 50-ամյա Մանուել Վաալսը որոշ առումով ներգաղթյալ է։ Նա ունի իսպանական ու իտալական արմատներ, նա ծնվել է Բարսելոնում և Ֆրանսիայի քաղաքացիություն ստացել միայն 1982թ․։ Սակայն նոր նախարարն իրեն դրսևորեց ավելի կոշտ, քան ակնկալվում էր։

Նա չխոստացավ, ինչպես շատերը մտավախություն ունեին, ընդհատակյա միգրանտների զանգվածային օրինականացում՝ դա տեղի չի ունենա։ Յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվելու է առանձին։ Ներքին գործերի նախարարը պատրաստ է վիճել նաև նախագահի հետ․ Օլանդի՝ տեղական ընտրություններում օտարերկրացիներին ձայնի իրավունք տալու գաղափարը նախարարին չի ոգևորում։ Նա կարծում է, որ գլխավոր խնդիրը ներգաղթյալները չեն։ Խնդիրը երիտասարդության, ներգաղթյալների երեխաների մեջ է, որոնք այժմ ֆրանսիացի են անձնագրով, բայց ոչ հայացքներով ու վարքով։ Պարոն Վաալսը ատում է սոցիալիստական դեմագոգիան՝ նախ հաղթեք գործազրկությունը, այդ ժամանակ կվերանա և հանցագործությունը։ «Հանրապետությունը խնդրահարույց թաղամասերում վերականգնելու համար հարկ է զբաղվածություն, սակայն հարկ է նաև անվտանգություն, քանի որ հանցագործությունը դիպչում է ամենաաղքատներին»,- նշում է նա։

Սոցիալիստներն իրենց նախընտրական արշավում չէին խոսում անվտանգության ու ոստիկանական վերահսկողության ուժեղացման մասին․ այս հռետորությունը ակներևաբար տրվում էր աջերին ու ծայրահեղ աջերին։ Մանուել Վաալսն այն պահեց իրեն։ Նա անգամ շարունակեց գնչուների արտաքսման պրակտիկան, որի համար սոցիալիստները կշտամբում էին նախորդ կառավարությանը։ Այս հարցում նա շատ ավելի մոտ է Նիկոլա Սարկոզիին, քան Ֆրանսուա Օլանդին։ Պատահական չէ, որ Ֆրանսիայի նախկին նախագահը 2007թ․ նրան կառավարություն հրավիրեց։ Մանուել Վաալսն այդ ժամանակ հրաժարվեց։ Հնարավոր է՝ ոչ այն պատճառով, որ չցանկացավ դաշինք քաղաքական հակառակորդի հետ, այլ այն պատճառով, որ կանխատեսեց՝ նախարարական աթոռն իրեն այսպես էլ կսպասի։

Քաղաքական նոր իրադրությունում նա սոցիալիստների ուժեղ ձեռքն է։ Նրա շեֆի՝ Ֆրանսուա Օլանդի ժողովրդականությունն անկում է ապրում․ Ֆրանսիայի նախագահի գործունեությունից գոհ մարդկանց թիվը մայիսից նվազել է՝ 53%-ից մինչև 44%, իսկ դժգոհների թիվը նկատելիորեն աճում է՝ 27%-ից մինչև 44%։ Այսպիսի դինամիկա է նկատվում նաև վարչապետ Ժան Մարկ Էրոյի գնահատականներում՝ անկում 50%-ից մինչև 46% և աճ՝ 17%-ից մինչև 44%։ Ընդ որում՝ առայժմ հիմքեր չկան՝ ակնկալելու, որ իրադրությունը երկրում և համապատասխանաբար՝ վարկանիշները կբարելավվեն։ Նախագահ Օլանդին Սոցիալիստական կուսակցությունը իր ներկայիս քարտուղար Մարտին Օբրիի շուրթերով արդեն ցանկացել է նախագահության երկրորդ ժամկետ, սակայն եթե նախագահի հեղինակության անկումը շարունակվի, 2017թ․ սոցիալիստների համար նոր առաջնորդ կպահանջվի։

Նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, որը ժողովրդականության բարձր վարկանիշ ունի և ամենայն հավանականությամբ կգլխավորի UMP կուսակցությունը, այդ ժամանակ արդեն ծեր կլինի նախագահի համար։ Այս իրադրությունում հենց Մանուել Վաալսնը կարող է լինել 2017թ․ ձախերի ու աջերի զգալի մասին միավորելու ունակ ֆիգուրը։ Ամեն դեպքում, այժմ նա սկսում է այն նույն պաշտոնից, որից սկսեց հունգարացի միգրանտների ժառանգ Նիկոլա Սարկոզին․ Դոմինիկ դե Վիլպենի կառավարությունում ներքին գործերի նախարար լինելուց հետո նա դարձավ երկրի նախագահ։

Մեկնաբանել