Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան, ուր վերջին տարիներին հաստատված ավանդույթի համաձայն առաջին դասախոսությունն է կարդացել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից:
«Փաստ է, որ այսօր հայ դիվանագետների զգալի մասն ավարտել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Հաճելի է նշել, որ ուսանողների մի մասն ընտրում է դիվանագետի մասնագիտությունը, ընդունվում Դիվանագիտական դպրոց և համալրում արտգործնախարարության շարքերը»,- ասել է նախարարը՝ ներկայացնելով տարածաշրջանային և միջազգային մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:
Անդրադառնալով հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակմանը` նախարարը նշել է. «2004թ. ոճրագործությունից անմիջապես հետո՝ դատավարության ընթացքում, դատավճռի հրապարակումից հետո, այս տարիների ընթացքում, Ադրբեջանը ինտենսիվ ջանքեր էր գործադրում հանցագործին տեղափոխելու համար: Հունգարիայի իշխանությունները կտրականապես մերժում էին այդ բոլոր փորձերը: Ի՞նչ պատահեց, որ Հունգարիայի ներկայիս կառավարությունը հանկարծակի հավատաց Ադրբեջանի ստերին:
Սաֆարովի հանցագործությունից ի վեր Ադրբեջանը հետևողականորեն փառաբանում էր այս սարսափելի ոճրագործությունը, հերոսացնում էր մարդասպանին: Հիմա, ինչպես կարող է Հունգարիան ձևացնել, որ հավատացել է ադրբեջանական կեղծ խոստումներին և գնացել նման կասկածելի քայլի:
Ադրբեջանի իշխանություններն իրենց երկրում խորապես արմատավորված կոռուպցիան փորձում են բարձրացնել միջպետական հարաբերությունների մակարդակի:
Տեղյակ լինելով Ադրբեջանի փորձերին՝ Հայաստանը բոլոր՝ նախագահի, խորհրդարանի ղեկավարի, վարչապետի, ԱԳ նախարարի, դեսպանների մակարդակներով շարունակաբար հունգարական իշխանությունների ուշադրությունն է հրավիրել ոճրագործի հանձնման անթույլատրելիության վրա ու միանշանակ հավաստիացումներ ստացել, որ նման քայլը բացառված է:
Ադրբեջանի ղեկավարության այս խայտառակ քայլը միջազգային հանրության մոտ շոկ է առաջացրել, բայց ոչ պակաս շոկ է առաջացնում Ադրբեջանից վերջին օրերին հնչեցվող արձագանքները: Ադրբեջանը, փաստորեն, իր ցինիկ արհամարհանքն է արտահայտում միջազգային հանրության նկատմամբ: Միջազգային հանրության կողմից նման երևույթների հանդուրժումն է ձևավորում սադամհուսեյնների»: