«Ժառանգությունը» շրջանառության մեջ է դրել «ԼՂՀ-ն ճանաչելու մասին» օրենքի նախագիծը

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն այսօր Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, հաղորդում են «Ժառանգության» խմբակցության մամուլի ծառայությունից:

«Օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով այն հանգամանքից, որ Արցախի Հանրապետությունը լիարժեքորեն բավարարում է ինքնիշխան պետության համար սահմանված միջազգային օրենքի բոլոր նախապայմանները»,- ասված է խմբակցության տարածած հաղորդագրությունում:

Նշենք, որ «Ժառանգություն»-ը ԼՂՀ անկախության ճանաչման մասին պարբերաբար օրինագծեր է ներկայացրել Ազգային ժողով: Մինչ այժմ սակայն դրանք չեն արժանացել խորհրդարանի հավանությանը։