Սամվել Բալասանյանը օտար մարդ չէ. Սերժ Սարգսյան

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ, որտեղ մասնակցել է Գյումրու նորակառույց բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի բացման արարողությանը, այցելել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»: Շրջայցի ավարտին նախագահը պատասխանել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ հարցերն ընդգրկել են տարբեր ոլորտներ: Դրանցից երկուսը ներկայացնում ենք ստորև:

-Պարո´ն նախագահ, այս կիրակի Գյումրիում քաղաքապետի ընտրություններ են: Հանրապետական կուսակցությունը, ինչպես գիտենք, սատարում է Սամվել Բալասանյանին: Հարցս հետևյալն է. ինչո՞ւ ոչ սեփական թեկնածուով:

-Իսկ ո՞վ է ասել, որ Սամվել Բալասանյանը օտար մարդ է: Եվ ի՞նչ է նշանակում, ընդհանրապես, սեփական թեկնածու: Գիտեք, այս առիթով ես ուզում եմ, որպեսզի մեկ անգամ ևս անդրադառնանք վերջին շրջանում տարբեր ժարգոններով հրապարակվող նյութերին՝ հենց այս «սեփական», «օտար», այսպես ասած՝ «դաբրո», «զապրետ» գողական տերմիններին: Ուզում եմ, որպեսզի բոլորի համար պարզ, հստակ, հասկանալի լինի, որ կուսակցությունները ստեղծվում են նրա համար, որպեսզի կարողանան ակտիվորեն մասնակցել քաղաքական կյանքին: Մարդիկ մտնում են կուսակցություններ, որպեսզի իրենք ևս ակտիվորեն մասնակցեն քաղաքական իրադարձություններին: Իսկ ընտրություններից առավել քաղաքական իրադարձություններ չեն կարող լինել: Ուստի, բնական է, որ կուսակցությունը, կուսակցության ղեկավար մարմինը կամ կուսակցության ղեկավարը պետք է սատարի կոնկրետ կուսակցականի կամ կոնկրետ անհատի: Սա´ այս մասով: Այո՛, իրականությանը համապատասխանում են մամուլի այն պնդումները, որ Սամվել Բալասանյանին ես եմ առաջարկել առաջադրվել քաղաքապետի թեկնածու: Այո՛, դա այդպես է: Նախ համարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեզ թշնամի կուսակցություն չէ և ոչ էլ հակառակորդ: Մենք աշխատում ենք ընդհանրապես կայացնել արդյունավետ որոշում, օպտիմալ տարբերակ և եթե որևէ տեղ առաջադրում ենք թեկնածու, ապա ծանրութեթև ենք անում, նկատի ունեմ, իհարկե, խոշոր համայնքները, և հաշվի առնելով բոլոր «թեր» ու «դեմ»-երը, նոր միայն առաջադրում ենք քաղաքապետի թեկնածու: Կոնկրետ պարագայում, իմ կարծիքով, Սամվել Բալասանյանը լավագույնս կարող է լուծել այս համայնքում առկա խնդիրները: Նախ մթնոլորտ պետք է փոխվի Գյումրիում, և կարծում եմ, որ Սամվել Բալասանյանը կարող է այդ մթնոլորտը փոխել:

-Պարո´ն նախագահ ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակումը Հայաստանի կտրուկ արձագանքի առիթ դարձավ: Խնդրում եմ ասեք, թե ինչ զարգացումներ կան այս թեմայով:

-Աշխատանքները շարունակվում են: Եվ այդ աշխատանքները լինելու են հետևողական, հաշվենկատ, սթափ: Ցանկացած քայլ մենք կատարելու ենք տեղին` ինչպես մեր գործընկերների հետ հարաբերություններում, այնպես էլ միջազգային ատյաններում: Եվ մեր հասարակությունը պարբերաբար տեղեկացվելու է կատարված աշխատանքների մասին: Բայց օգտվելով առիթից՝ ես ուզում եմ դիմել մեր հասարակությանն ու հատկապես երիտասարդներին և խնդրել, որպեսզի նրանք չայրեն Հունգարիայի դրոշը, որովհետև Հունգարիայի դրոշը Հունգարիայի իշխող կուսակցության դրոշը չէ, Հունգարիայի դրոշը Հունգարիայի վարչապետի խորհրդանիշը չէ: Մենք հարյուրավոր տարիներ շատ լավ, բարի հարաբերություններ ենք ունեցել հունգարացիների հետ: Բազմաթիվ հայորդիներ իրենց կյանքը տվել են Հունգարիայի ազատության, անկախության համար, հասել են բարձր դիրքերի, մեծ նվաճումներ են ունեցել, և մեկ մարդու կամ մի կուսակցության, մի կառավարության տմարդի արարքը չպետք է հիմք դառնա, որպեսզի մենք թշնամանանք հունգարացիների հետ: Սա է իմ խնդրանքը մեր հանրությանը, մեր երիտասարդներին: Իհարկե, կարելի է բողոք արտահայտել, բայց այդ ընթացքում մենք չպետք է դավաճանենք ինքներս մեզ ու մեր արժեքները:

Մեկնաբանել