Կարմիր խաչի ղեկավարը «դրական» բանակցություններ է վարել Ասադի հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը «դրական» բանակցություներ է իրականացրել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, տեղեկացրել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Հիշամ Հասանը։

Հանդիպման ընթացքում խոսվել է երկրում Կարմիր խաչի միջագային կոմիտեի մարդասիրական գործողության ընդարձակման մասին։ Ասադը հայտարարել է, որ կազմակերպությանը թույլ կտա մարդասիրական օգնություն մատակարարել խաղաղ բնակչությանը, եթե Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չեզոք դիրք զբաղեցնի ներսիրիական ճգնաժամում:

Հասանի խոսքով՝ Մաուրերն ու Ասադը «քննարկել են թշնամական գործողություններից քաղաքացիական բնակչության պաշտպանությանը վերաբերող թեմաներ»։ Մասնավորապես՝ բանակցությունների մասնակիցները ընդգծել են բժշկական օգնության և առաջին անհրաժեշտության պարագաների նկատմամբ մատչման կարևորությունը, ինչպես նաև բանտարկյալներին այցելելու հնարավորությունը։ Մաուրերի ու Ասադի հանդիպման հետագա մանրամասներ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչը չի ներկայացրել։

BBC-ն նշում է, որ Մաուրեր-Ասադ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև սիրիացի փախստականների թվի աճը։

ՄԱԿ-ը հաղորդում է, որ ավելի քան 100 հազ․ սիրիացի լքել է իր երկիրը օգոստոսին։ Սա ամսվա կտրվածքով ամենամեծ ցուցանիշն է 2011թ․ մարտից ի վեր, երբ սկսվեց սիրիական ճգնաժամը։

ՄԱԿ-ի գնահատականներով՝ օգոստոսին մոտ 30 հազ․ սիրիացի փախել է Թուրքիա, Իրաք, Լիբանան ու Հորդանան միայն մեկ շաբաթվա ընթացքում։

Սիրիական Aksalser լրատվական կայքն այսօր՝ ավելի վաղ, հաղորդել էր, որ Ավստրալիան Հորդանանին տրամադրելու է $20 մլն՝ սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար։ Ավելի վաղ լրատվամիջոցներում հաղորդագրություններ էին տարածվել Հորդանանում սիրիացի փախստականների կեցության վատ պայմանների, ինչպես նաև տեղացիների կողմից սիրիացի փախստական կանանց տրաֆիքինգի մեջ ներքաշելու մասին։

Մեկնաբանել