Արամ Ա-ն բողոքի նամակ է հղել Հունգարիայի նախագահին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն բողոքի նամակ է հղել Հունգարիայի նախագահին, երբ տեղեկացել է, որ ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը Հունգարիայի կառավարության որոշմամբ հանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան ներում են շնորհել, հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը:

Իր նամակում Վեհափառը Հունգարիայի և Ադրբեջանի կառավարությունների այս քայլը գնահատել է որպես «միջազգային օրենքի և արդարության սկզբունքների բռնաբարում», նշել, որ այդ ապօրինի քայլը «ընդվզման և բողոքի ահավոր ալիք է բարձրացրել Հայաստանում  և Սփյուռքում»:

«Քաղաքական շահերը չպետք է ոտնակոխ անեն արդարությունն ու մարդկային արժանապատվությունը»,- նշել է կաթողիկոսը՝ հավելելով, որ ամբողջությամբ կիսում է հայ ժողովրդի արդար ընդվզումը:

Վեհափառ Հայրապետի հիշյալ նամակը երկու միաբան հայրեր պաշտոնապես փոխանցել են Լիբանանում Հունգարիայի դեսպանին: