Ռեփ ու ջազ Չիկագոյից

Սեպտեմբերի 8երեկոյան «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում հանդես կգա նոր խումբ՝ «ՉիԳապոն և Հանճարները»: Երիտասարդ երաժիշտները կներկայացնեն ինչպես սեփական երկացանկի գործերը, որոնց հեղինակը վոկալիստ, շեփորահար և խմբի հիմնադիր Գապո Գոշգարյանն է, այնպես էլ հայտնի ջազային և ռոք ստեղծագործությունների մշակումներ: Համերգից առաջ ՍիվիլՆեթ-ը հյուրընկալվել է խմբի փորձասենյակում և զրուցել «ՉիԳապոյի» ֆրոնթմենի հետ:

Չորս տարի առաջ Գասպար Գոշգարյան անունով լիբանանահայ երիտասարդը թողնում է Չիկագոն և գալիս պատմական հայրենիքը տեսնելու: Որոշ ժամանակ իբրև կամավոր մանկատներում երաժշտության դասեր տալուց հետո՝ նա որոշում է մի խումբ կազմել և մնալ Հայաստանում: «Ես ոչ ոքի չէի ճանաչում, ոչինչ չգիտեի, եթե չլիներ Արթուր Իսպիրյանը, որն ինձ իր և Էմմիի տեսահոլովակում նկարելուց բացի ծանոթացրեց շատ երաժիշտների հետ, երևի թե ոչինչ չէր ստացվի»,-ասում է Գապոն: Երիտասարդ երաժիշտը երեք անգամ փորձել է խումբ հավաքել և վերջապես այսօր քիչ թե շատ կայուն կազմ ունի, որը կոչվում է «ՉիԳապոն և Հանճարները»․ բաս կիթառ, ստեղնաշարային և հարվածային գործիքներ, կիթառ, սաքսոֆոն, շեփոր:

Մինչև իրական հաջողությունն ու աստղ կոչվելը դեռ շատ ժամանակ կա, խումբը երկար ճանապարհ ունի անցնելու: Տղաները պարապում են Գապոյի տանը, հիմնականում հանդես են գալիս բարերում, երբեմն՝ ակումբներում:

«ՉիԳապոն և Հանճարները» խմբի երաժշտությունը չի կարելի մեկ բառով որակել, այն բազմազան է և բազմաժանր. ֆանկից մինչև ջազ, ռեփից ռեգի: «Ես նկատել եմ, որ Հայաստանում երաժիշտները բավական սահմանափակ երկացանկով են հանդես գալիս: Նույն ջազ ստանդարտները կարելի է լսել ամենուրեք: Մտածեցի, ինչու չզարմացնել ունկնդրին և ջազային ամենահայտնի ստանդարտներից մեկը՝ Night in Tunisia-ն, խառնեցի ռեփի հետ»,-պատմում է Գապոն իր առաջին հաջողություններից մեկի մասին:

 Չնայած Գապոն երբևէ չի թակել  երաժշտական որևէ բուհի դուռ, համոզված է, որ իր ուսումը պակաս բարձրագույն չի, քանի որ սովորել է մեծագույն վարպետներից: «Ինձ Լուի Արմսթրոնգն է երաժշտական կրթություն տվել: Նա և Ջեյմս Բրաունը»,-ասում է երաժիշտը: Երաժշտական ազդեցությունների մասին խոսելիս Գապոն նշում է Դյուք Էլինգթոնին, Թոնի Բենեթին, Էլլա Ֆիցջերալդին: Լինելով հին ջազի երկրպագու՝ նա նույնիսկ խմբի անունն այնպես է ընտրել, որ հիշեցնի 50–ականների երաժշտական կոլեկտիվների անունները՝ մենակատարն ու նվագախումբը:

«Այստեղ ամեն ինչ ավելի դանդաղ է կատարվում, սակայն ես որոշել եմ Հայաստանում նվագել, քանի որ հայ եմ: Բացի այդ ես այստեղ ներկայացնում եմ Չիկագոն, որտեղ երաժշտական լավ ավանդույթներ կան: Չիկագոն հայտնի է ռեփով, և չնայած ես  չեմ ցանկանում հասարակական գործիչ դառնալ, համարում եմ, որ հարցեր կան, որոնց մասին արժի բարձրաձայնել, օրինակ, կանանց իրավունքներն այստեղ»: 

«ՉիԳապոն և Հանճարները» խմբի մոտակա ծրագրերում արտասահմանյան շրջագայություն կազմակերպելն է և ալբոմի ձայնագրությունը, որի նյութն արդեն պատրաստ է: