Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մուժնիեկսը (Nils Muižnieks) իր խոր մտահոգությունն է արտահայտել Ադրբեջանի որոշման կապակցությամբ՝ ներելու և պարգևատրելու ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին, որը 2004թ. սպանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին, հաղորդում է ԵԽ պաշտոնական կայքը:
«Ռասիստական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան: Ռասայական կամ ազգամիջյան ատելության հողի վրա կատարված բռնարարքները հանցագործության աղետալի ձև են: Բացի զոհերի և նրանց մերձավորների վրա ունեցած կործանարար ազդեցությունից՝ դրանք կարող են կործանարար լինել ամբողջ հասարակության համար: Պետությունները պետք է խիստ պատժամիջոցներ սահմանեն նրանց նկատմամբ, որոնք կատարում են համանման հանցանք»,- ասել է Մուժնիեկսը:
Միաժամանակ՝ նա ցավ է հայտնել, որ դատապարտված մարդասպանը փառքի ու պարգևատրման է արժանացել Ադրբեջանի կողմից:
«Ցավալի է, որ մարդը, որը ազգային կամ էթնիկ պատկանելության հողի վրա սպանություն է կատարել, նման վերաբերմունքի է արժանանում: Այդպիսի մարդու փառաբանումն ու պարգևատրումը կարող է անտեսել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ընդունված միջազգային կանոնները»,- հայտարարել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը` հավելելով, որ ատելության հողի վրա կատարված հանցագործության փառաբանումը ծայրահեղ վտանգավոր ուղերձ է: