ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ՀՅԴ-ն կդիմավորի պահանջներով

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և Ուսանողական միություններն այսօր հայտարարություն են տարածել: «ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և Ուսանողական միությունները, կիսելով հասարակության արդար բողոքը և զայրույթը, ադրբեջանցի մարդասպանի որևէ իրավական նորմ չհարգած արտահանձման և անմիջապես ազատ արձակման փաստի կապակցությամբ` կոչ են անում հստակ դիրքորոշմամբ հանդես գալ ռազմական այն դաշինքին, որի ուսումնական կենտրոնում կատարվեց ոճրագործությունը, որի ծրագրերին հետևելու և հետագայում ռազմական ծրագրերին մասնակցելու համար էին գործուղվել Բուդապեշտ ադրբեջանցի ոճրագործն ու զոհված հայ սպան»,- նշված է հայտարարության մեջ:

ՀՅԴ-ական երիտասարդներն ու ուսանողները ՆԱՏՕ-ի հստակ դիրքորոշման պահանջը կներկայացնեն սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ նախագահական նստավայրի դիմաց Հայաստան և Ադրբեջան այցելող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենին: «Աշխարհում անվտանգության հաստատման համար ստեղծված կառույցը պարտավոր էր և պարտավոր է հետամուտ լինել իր իսկ դասընթացների ժամանակ, իր իսկ կուրսանտի սպանության արդար դատին»,- նշում են նրանք:

Մեկնաբանել