ԵԽ գլխավոր քարտուղարը դատապարտել է «հանցագործության նման հերոսացումը»

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տյորբյորն Յագլանդն այսօր ասել է, որ այնպիսի մարդասպանին, ինչպիսին ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովն է, Ադրբեջանում հերոսի պես դիմավորելն անընդունելի է. այս մասին տեղեկանում ենք ԵԽ պաշտոնական կայքից:

«Ռամիլ Սաֆարովը դատապարտվել էր սպանության համար և ցմահ բանտարկված էր Հունգարիայում: Օգոստոսի 31-ին նա տեղափոխվեց Ադրբեջան և նրան անմիջապես ներում շնորհվեց: Չեմ ցանկանում մեկնաբանել խնդրի իրավական կողմը, սակայն անընդունելի եմ համարում, երբ դատապարտված մարդասպանին դիմավորում են հերոսի պես», – նշել է Տյորբյորն Յագլանդը:

«Ես ժխտում եմ այնպիսի աշխարհի հեռանկարը, որտեղ բարոյական նորմերը սկսում են մաշվել, իսկ մարդկային արժանապատվության հարգանքը մերժվում է: Սա այն Եվրոպան չէ, որը մենք ցանկանում ենք թողնել ապագա սերունդներին: Ես դատապարտում եմ հանցագործության նման հերոսացումը», – ասել է նա: