«Նաիրիտի» կառավարումը կարող է ստանձնել ռուսական նավթագազային «Իտեռա գրուպը»

«Օրակարգի» աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական նավթագազային «Իտեռա գրուպը» Հայաստանի կառավարության հետ քննարկում է «Նաիրիտ գործարանի» կառավարումը ստանձնելու հնարավորությունը։ Այդուհանդերձ, «Իտեռայում» հրաժարվում են մեկնաբանել «Նաիրիտի» շուրջ ընթացող բանակցությունների, ինչպես նաև «Գազպրոմբանկից» միջոցներ ներգրավելու վերաբերյալ հարցերը։

«Օրակարգի» աղբյուրների փոխանցմամբ՝ բրիտանական Jacobs Consultancy Limited-ը «Իտեռային» արդեն ներկայացրել է մայիսին «Նաիրիտում» իրականացված աուդիտի նախնական արդյունքները, որոնց հիման վրա «Իտեռան» որոշել է Հայաստանի կառավարության հետ քննարկել քիմիական հսկայի կառավարումը ստանձնելու հնարավորությունը։ Ըստ աղբյուրի՝ եթե ռուսական ընկերության և կառավարության միջև ձեռք բերվի սկզբունքային համաձայնություն, և առաջիկայում ստորագրվի պայմանագիր, ապա «Նաիրիտը» հնարավոր կլինի վերագործարկել մեկ ամիս անց։

Նշենք, որ «Իտեռայի» կողմից «Նաիրիտի» կառավարման և արդիականացման ծրագրի իրականացման հարցում հիմնական խնդիրը ֆինանսական է։ Անցած տարի «Նաիրիտի» և ԱՊՀ միջպետական բանկի կողմից պատրաստված «2011-2019 թթ. «Նաիրիտի» զարգացման և վերակառուցման» ծրագրում քիմիական հսկայի արդիականացումն ընդհանուր առմամբ գնահատված է $512,26 մլն (ներդրումներից $367 մլն-ն ուղղվելու քիմիական հսկայի արդիականացմանը, $146 մլն-ը՝ պարտքերի մարմանը)։

«Իտեռան» Հայաստանի կառավարության հետ միջոցներ ներգրավելու հարցում բանակցել է մասնավորապես ռուսական «Գազպրոմբանկի» հետ։ Ըստ «Օրակարգի» աղբյուրների՝ «Նաիրիտի» ֆինանսավորման հնարավորությունը Երևանում քննարկել են վարչապետ Տիգրան Սարգսյանը և «Գազպրոմբանկի» վարչության նախագահի տեղակալ Նիկոլայ Կորենևը։ Այն, որ օգոստոսի 31-ին վարչապետը և «Գազպրոմբանկի» պաշտոնյան անդրադարձել են «Նաիրիտի» խնդրին, հաստատում են նաև կառավարությունում։ Այս հանդիպման վերաբերյալ գործադիրի տարածած հաղորդագրությունում նշվում է. «Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության ուղղություններին, մասնավորապես Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական ծրագրերին, որոնք մշակվում են հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի կողմից, Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանի զարգացման հեռանկարներին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին»։

Հիշեցնենք՝ մայիսի վերջին «Իտեռա գրուպի» մամուլի քարտուղար Ալեքսանդր Գորյունովը «Օրակարգի» հարցմանն ի պատասխան ասել էր, որ 2011թ. հոկտեմբերին «Նաիրիտ» է գործուղվել աշխատանքային խումբ, որը ծանոթացել է գործարանի վիճակին և զարգացման ծրագրերին: «Մեր մասնագետների եզրակացությունն այն է, որ «Նաիրիտ գործարանի» վիճակի համակողմանի վերլուծության, ձեռնարկության վերականգնման տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման համար անհրաժեշտ է համալիր աուդիտ իրականացնել»,– նշել էր Գորյունովը՝ հավելելով, թե աուդիտի վերջնական նպատակը ձեռնարկության վերականգնման տեխնիկատնտեսական հիմնավորման փաստաթղթի պատրաստումն է, ինչպես նաև վերակառուցման նախագծի տնտեսական նպատակահարմարության որոշումը։ Ըստ Գորյունովի՝ «Իտեռան» սկզբունքորեն հետաքրքրված է ստանձնելու «Նաիրիտ գործարանի» կառավարումը, սակայն որոշումն առաջին հերթին կախված է լինելու աուդիտի արդյունքներից, տնտեսական նպատակահարմարությունից և մակրոտնտեսական իրավիճակից։

«Նաիրիտի» կառավարումը «Իտեռային» հանձնելը բխում է կառավարության շահերից։ Այն թույլ կտա ոչ միայն վերագործարկել մոտ 2,5 տարի պարապուրդի մատնված ընկերությունը, այլև խուսափել ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից «Նաիրիտի» համար $400 մլն վարկ վերցնելուց։ Նշենք, որ եթե «Իտեռան» ստանձնի քիմիական հսկայի կառավարումը, ապա չի բացառվում նաև գործարանի ձեռքբերումը։

Հիշեցնենք, որ Բրիտանիայում գրանցված օֆշորային Rhinoville Property Limited-ը (որին դե յուրե պատկանում է «Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ը) այդպես էլ չի կատարել ԱՊՀ միջպետական բանկի առջև իր վարկային պարտավորությունները, և 2011թ. վերջից քիմիական գործարանի բաժնետոմսերի 90%-ը դե ֆակտո պատկանում են բանկին (2006թ. օգոստոսին բանկը $70 մլն-ի վարկային գիծ էր տրամադրել Rhinoville Property Limited-ին՝ 5,3 տարի ժամկետով և տարեկան 12,5% տոկոսադրույքով)։ «Նաիրիտի» բաժնետոմսերի 10%-ը պատկանում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը: