Հայաստանի կառավարությունը պատրաստվում է «ՀայՌուսգազարդի» կապիտալում իր մասնաբաժնի մի մասը մյուս բաժնետիրոջը՝ «Գազպրոմին» (2011թ. վերջի դրությամբ վերջինին պատկանում էր բաժնետոմսերի 80%-ը) փոխանցելուն։ Մինչ այդ, սակայն, գործադիրը «ՀայՌուսգազարդում» իր մասնաբաժինն ավելացնելու է 0,044%-ով։ Հայաստանի՝ հօգուտ «Գազպրոմի» բաժնետոմսերից հրաժարվելը պայմանավորված է փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններով:
Կառավարության սեպտեմբերի 6-ի նիստի օրակարգում ընդգրկվել է որոշման մի նախագիծ, որի ընդունման դեպքում կավելանա պետության մասնաբաժինը «ՀայՌուսգազարդի» կանոնադրական կապիտալում։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը կառավարությանն առաջարկում է, որ Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերի տասը համայնքների պատկանող մոտ 140 մլն ընդհանուր արժեքով համայնքային սեփականություն հանդիսացող և տարբեր ծրագրերով կառուցված գազաբաշխիչ գազատարները նվիրվեն նախարարությանը:
Նախարարությունն իր հերթին այդ ակտիվները որպես Հայաստանի սեփականություն կներդնի «ՀայՌուսգազարդի» կանոնադրական կապիտալում՝ դրա դիմաց ձեռք բերելով լրացուցիչ բաժնետոմսեր։
Նշենք, որ 2011թ. դեկտեմբերի վերջի տվյալներով՝ «ՀայՌուսգազարդի» կանոնադրական կապիտալը կազմում էր 312 մլն, ինչը նշանակում է, որ այլ հավասար պայմաններում 140 մլն-ի լրացուցիչ բաժնետոմսերի թողարկումը հայկական կողմի մասնաբաժինը կավելացնի 0,044%-ով։
Իհարկե, սա հայկական կողմից մասնաբաժնի աննշան ավելացում է: Սակայն ուշագրավ է, որ դա տեղի է ունենում Հայաստանի կառավարության կողմից «ՀայՌուսգազարդում» իր մասնաբաժնի էական մասի՝ «Գազպրոմին» հնարավոր փոխանցումից առաջ:
«Օրակարգի» աղբյուրների համաձայն՝ այս տարվա մայիսին «ՀայՌուսգազարդը» և «Գազպրոմը» գազի գնի վերաբերյալ արդեն նոր պայմանագիր են ստորագրել, ըստ որի՝ Հայաստան առաքվող գազի գինն արդեն բարձրացել է, և ՀՀ կառավարությունը բնակչությանն իրացվող գազի գինը սուբսիդավորելու է «ՀայՌուսգազարդում» իր մասնաբաժնի որոշ մասից հօգուտ «Գազպրոմի» հրաժարվելով: Այս եղանակով կառավարությունը ցանկանում է մինչև նախագահական ընտրությունները (2013թ. փետրվար) վերջնական սպառողների համար թույլ չտալ սակագների փոփոխություն։
Թեև կառավարությունը և պաշտոնյաները, մասնավորապես էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, հերքում էին ռուսական գազի թանկացումը և հայտարարում, որ 1000 խմ գազը գնվում է $180-ով, Պետական եկամուտների կոմիտեի «ՀՀ արտաքին առևտուր. երկիր-ապրանք» աղյուսակի համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանից Հայաստան ներկրված 1000 խմ բնական գազի մաքսային արժեքը կազմել է $219։ «Օրակարգի» աղբյուրների պնդմամբ՝ այս տարվա երկրորդ կիսամյակում Հայաստանը 1000 խմ-ը արդեն ձեռք է բերում $240-ով։
Հաշվի առնելով նախորդ տարվա ծավալները և այս տարվա առաջին կիսամյակի միտումները՝ մոտավոր հաշվարկներով մինչև 2013թ. ապրիլի 1-ը փոխհատուցման համար կառավարությանն անհրաժեշտ է լինելու մոտ $90 մլն, որից այս տարվա համար՝ $54 մլն։
Հաշվարկներից երևում է, որ կառավարությունը «Գազպրոմին» ամբողջովին կարող է փոխհատուցել այդ գումարները՝ հանձնելով «ՀայՌուսգազարդի» իր մասնաբաժնի 12%-ը, ինչի արդյունքում այն կնվազի մինչև 8%։ Ամենայն հավանականությամբ՝ հենց սա է պատճառը, որ կառավարությունը ամեն կերպ փորձում է ներկայում ավելացնել իր մասնաբաժինը, որպեսզի գործարքից հետո այնուամենայնիվ տնօրինի բաժնետոմսերի գոնե 10%-ը։