Գազ տալ մինչև փետրվար

Հայաստանի կառավարությունը պատրաստվում է «ՀայՌուսգազարդի» կապիտալում իր մասնաբաժնի մի մասը մյուս բաժնետիրոջը՝ «Գազպրոմին» (2011թ. վերջի դրությամբ վերջինին պատկանում էր բաժնետոմսերի 80%-ը) փոխանցելուն։ Մինչ այդ, սակայն, գործադիրը «ՀայՌուսգազարդում» իր մասնաբաժինն ավելացնելու է 0,044%-ով։ Հայաստանի՝ հօգուտ «Գազպրոմի» բաժնետոմսերից հրաժարվելը պայմանավորված է փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններով:

Կառավարության սեպտեմբերի 6-ի նիստի օրակարգում ընդգրկվել է որոշման մի նախագիծ, որի ընդունման դեպքում կավելանա պետության մասնաբաժինը «ՀայՌուսգազարդի» կանոնադրական կապիտալում։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը կառավարությանն առաջարկում է, որ Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերի տասը համայնքների պատկանող մոտ ֌140 մլն ընդհանուր արժեքով համայնքային սեփականություն հանդիսացող և տարբեր ծրագրերով կառուցված գազաբաշխիչ գազատարները նվիրվեն նախարարությանը:

Նախարարությունն իր հերթին այդ ակտիվները որպես Հայաստանի սեփականություն կներդնի «ՀայՌուսգազարդի» կանոնադրական կապիտալում՝ դրա դիմաց ձեռք բերելով լրացուցիչ բաժնետոմսեր։

Նշենք, որ 2011թ. դեկտեմբերի վերջի տվյալներով՝ «ՀայՌուսգազարդի» կանոնադրական կապիտալը կազմում էր ֌312 մլն, ինչը նշանակում է, որ այլ հավասար պայմաններում ֌140 մլն-ի լրացուցիչ բաժնետոմսերի թողարկումը հայկական կողմի մասնաբաժինը կավելացնի 0,044%-ով։

Իհարկե, սա հայկական կողմից մասնաբաժնի աննշան ավելացում է: Սակայն ուշագրավ է, որ դա տեղի է ունենում Հայաստանի կառավարության կողմից «ՀայՌուսգազարդում» իր մասնաբաժնի էական մասի՝ «Գազպրոմին» հնարավոր փոխանցումից առաջ:

«Օրակարգի» աղբյուրների համաձայն՝ այս տարվա մայիսին «ՀայՌուսգազարդը» և «Գազպրոմը» գազի գնի վերաբերյալ արդեն նոր պայմանագիր են ստորագրել, ըստ որի՝ Հայաստան առաքվող գազի գինն արդեն բարձրացել է, և ՀՀ կառավարությունը բնակչությանն իրացվող գազի գինը սուբսիդավորելու է «ՀայՌուսգազարդում» իր մասնաբաժնի որոշ մասից հօգուտ «Գազպրոմի» հրաժարվելով: Այս եղանակով կառավարությունը ցանկանում է մինչև նախագահական ընտրությունները (2013թ. փետրվար) վերջնական սպառողների համար թույլ չտալ սակագների փոփոխություն։

Թեև կառավարությունը և պաշտոնյաները, մասնավորապես էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, հերքում էին ռուսական գազի թանկացումը և հայտարարում, որ 1000 խմ գազը գնվում է $180-ով, Պետական եկամուտների կոմիտեի «ՀՀ արտաքին առևտուր. երկիր-ապրանք» աղյուսակի համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանից Հայաստան ներկրված 1000 խմ բնական գազի մաքսային արժեքը կազմել է $219։ «Օրակարգի» աղբյուրների պնդմամբ՝ այս տարվա երկրորդ կիսամյակում Հայաստանը 1000 խմ-ը արդեն ձեռք է բերում $240-ով։

Հաշվի առնելով նախորդ տարվա ծավալները և այս տարվա առաջին կիսամյակի միտումները՝ մոտավոր հաշվարկներով մինչև 2013թ. ապրիլի 1-ը փոխհատուցման համար կառավարությանն անհրաժեշտ է լինելու մոտ $90 մլն, որից այս տարվա համար՝ $54 մլն։

Հաշվարկներից երևում է, որ կառավարությունը «Գազպրոմին» ամբողջովին կարող է փոխհատուցել այդ գումարները՝ հանձնելով «ՀայՌուսգազարդի» իր մասնաբաժնի 12%-ը, ինչի արդյունքում այն կնվազի մինչև 8%։ Ամենայն հավանականությամբ՝ հենց սա է պատճառը, որ կառավարությունը ամեն կերպ փորձում է ներկայում ավելացնել իր մասնաբաժինը, որպեսզի գործարքից հետո այնուամենայնիվ տնօրինի բաժնետոմսերի գոնե 10%-ը։

Մեկնաբանել